Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե գրեթե որոշում է կայացրել Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու հարցում, որոնցով Կիևը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։ Դոնալդ Թրամփը, սակայն, նշել է, որ ցանկանում է պարզել, թե ինչ թիրախներ է Ուկրաինան մտադիր խոցել դրանցով, քանզի չէր ուզի սրել իրավիճակը:
«Այո, կարելի է ասել, որ որոշում կայացրել եմ: Կուզեի պարզել, թե ինչ են նրանք անելու դրանցով։ Ո՞ւր են նրանք մտադիր ուղարկել այդ հրթիռները։ Կարծում եմ՝ ես պետք է տամ այդ հարցը, - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Դրանց մատակարարումը Մոսկվան կդիտարկի իրավիճակի լուրջ սրացում»
Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ից կսպասեն ավելի կոնկրետ հայտարարությունների: Դմիտրի Պեսկովը կրկնել է՝ Կիևին նման հրթիռներ մատակարարելով՝ Վաշինգտոնը լրջորեն կսրի իրավիճակը:
«Կարևոր է գիտակցել, որ խոսքը վերաբերում է հրթիռների, որոնք կարող են նաև միջուկային մարտագլխիկներ կրել։ Հետևաբար, սա իսկապես էսկալացիայի լուրջ փուլ է», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Անցած շաբաթ էլ Ռուսաստանի նախագահն էր երկու անգամ զգուշացրել՝ եթե Վաշինգտոնը գնա այդ քայլին, դա կփչացի ռուս-ամերիկյան հարաբերությունները և նոր էսկալացիայի կհանգեցնի:
Մոսկան արդիականացրել է «Իսկանդեր» և «Կինժալ» բալլիստիկ հրթիռները. ԶԼՄ
Այս ֆոնին Financial Times-ը և Washington Post-ը գրում են, որ Ռուսաստանն իր «Իսկանդեր» և «Կինժալ» բալլիստիկ հրթիռները, որոնցով մեծ վնաս է հասցնում Ուկրաինային, արդիականացրել է այնպես, որ դրանք արդեն կարողանում են շրջանցում հակաօդային պաշտպանության ամերիկյան Patriot համակարգերը՝ թռիչքի վերջին պահին կտրուկ փոխելով հետագիծը: Ըստ Financial Times-ի՝ դրա մասին է վկայում վիճակագրությունը, ըստ որի՝ Ուկրաինայի խոցած բալլիստիկ հրթիռների թիվը կտրուկ նվազել է՝ օգոստոսի 36%-ից սեպտեմբերին հասնելով 6%-ի:
Ավիացիոն փորձագետ Կոնստանտին Կրիվոլապը «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ այդ հրապարակումների գլխավոր նպատակն է ԱՄՆ-ին զգուշացնել, որ Ուկրաինան Patriot-ների կարիք ունի: Ըստ նրա՝ այդ հրթիռների ալգորիթմը հնարավոր է փոխել այնպես, որ դրանք մի փոքր մանևրեն, սակայն խոսքը միայն փոքր փոփոխության մասին է, իսկ ավելի մեծ փոփոխությունների համար ժամանակ ու փորձարկումներ են անհրաժեշտ:
«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է արագ ու հեշտ փոխել բալլիստիկ հրթիռը այնպես, որ չանցկացվեն հավելյալ փորձարկումներ, հետազոտություններ: Դա գործնականում հնարավոր չէ», - ասել է ավիացիոն փորձագետը:
Զելենսկին դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահն իր հերթին երեկոյան ուղերձում Արևմուտքին կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանը տարատեսակ սխեմաներով Հարավային Կորեայից, Չինաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից ձեռք բերի բաղադրիչներ, որոնք օգտագործում է իր հրթիռներում և անօդաչուներում: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ եթե Արևմուտքին հաջողվի կանխել այդ բաղադրիչների վաճառքը Ռուսաստանին, ռուսական սպառնալիքն այդ դեպքում էապես կնվազի:
«Ռուսաստանը չէր ունենա ոչ մի հրթիռ կամ իր անօդաչուների մեծ մասը, և, հետևաբար, չէր կարող զգալի վնաս հասցնել մեր էներգետիկ ոլորտին, եթե չկարողանար գնել կամ ինչ-որ կերպ ներմուծել արևմտյան արտադրության բաղադրիչներ իր հրթիռների և «Շահեդ» անօդաչուների համար», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:
Financial Times-ը գրում է, որ ԵՄ երկրները համաձայնել են սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը դաշինքի տարածքում։ Առաջարկվող կանոններով՝ ԵՄ երկրներում աշխատող ռուս դիվանագետները ստիպված կլինեն տեղեկացնել իրենց ճանապարհորդական ծրագրերի մասին՝ նախքան ընդունող երկրի սահմանը հատելը։
Ըստ թերթի՝ նման որոշում է կայացվել Եվրոպայում դիվերսիոն փորձերի աճի ֆոնին, որոնք, ըստ հետախուզական ծառայությունների, հաճախ կազմակերպում են հենց դիվանագիտական քողի տակ գործող լրտեսները:
Թերթը նշում է, որ ռուս գործակալները մեղադրվում են ՆԱՏՕ-ի երկրների դեմ սադրանքներ հրահրելու համար՝ հրկիզումներ, կիբեռհարձակումներ, դիվերսիաներ ենթակառուցվածքների վրա, օդային տարածքի խախտումներ, որոնց նպատակն է համակարգված կերպով անկայունություն ստեղծել Կիևի դաշնակից եվրոպական երկրներում:
Ռուսական զորքը գիշերը հարվածել է Ուկրաինայի մի քանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների, Սումի քաղաքի բուժհաստատությանը, Խարկովին, Խերսոնին, որտեղ երկու զոհ կա: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է գրավել: Ռոսատոմն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուն հարվածել է Վորոնեժի ատոմակայանի սառեցման աշտարակին, սակայն վնաս չի պատճառել:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ռուսական հարվածների պատճառով զգալիորեն վնասվել են երկրի գազային ենթակառուցվածքներ: Արդյունքում Ուկրաինան մտադիր է մոտ 30%-ով ավելացնել ներկրումը, հիմնականում ամենացուրտ ամիսներին, ասել է Սվետլանա Գրինչուկը՝ հավելելով, որ արդեն հարցը քննարկել են Մեծ յոթնյակի երկրների հետ:
«Մեր կոչն է միջազգային գործընկերներին՝ օգնել մեզ հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներով, որպեսզի կարողանանք պահպանել էներգետիկ համակարգը և առանց որևէ դժվարության հաղթահարել ձմեռը», - հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը:
Ուկրաինական զինուժը ևս հարվածել է ռուսական բնակավայրերին, այդ թվում՝ Տուլային, Ռոստովին և Նիժնի Նովգորոդին: