Մատչելիության հղումներ

Պապոյանը կրկին շուկայի դիվերսիֆիկացումից է խոսում, ՌԴ-ից արտաքսվող վարորդները հարցնում են՝ ո՞վ է այդ բեռը Եվրոպա հասցնելու


Բեռնատարների վարորդների ակցիան՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հոկտեմբերի 21,2025թ.
Բեռնատարների վարորդների ակցիան՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հոկտեմբերի 21,2025թ.

Ռուսաստանում մնալու 90-օրյա սահմանափակումից դժգոհ բեռնատարների վարորդները երկու օր առաջ նամակ էին փոխանցել կառավարությանը ու պատասխանի համար 24 ժամ տվել: Պատասխան մինչև այսօր չկա, վարորդները հիմա ասում են՝ բողոքի ակցիաները կվերսկսեն առանց նախապես զգուշացնելու։ Շուրջ 150 վարորդ արդեն արտաքսվել է ՌԴ-ից, մյուսները՝ ներառվել վերահսկվող անձանց ցուցակում։

«Իմ սեփական մեքենայի 90 օրը լրացել է: Մի ամիս է կանգնած ենք, ոչ մի արտահանում չենք անում», - ասում է վարորդներից մեկը:

Բեռնատարների վարորդները փաստում են՝ Հայաստանի համար արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է, ասում են՝ ոլորտը կաթվածահար կլինի, եթե հայ պաշտոնյաները չկարողանան Մոսկվային բացատրել, որ սահմանված 90 օրվա մեծ մասը իրենք Լարսի հերթերում են անցկացնում, հետևաբար այդ ժամկետն անիրատեսական է իրենց համար:

Վարորդների բողոքների ու ակցիաների ֆոնին Էկոնոմիկայի նախարարը նորից խոսել է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին: Այս անգամ Գևորգ Պապոյանը Բեռլինից է հայտարարել՝ Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալը 77 տոկոսով աճել է. «Ավելին, այս տարվա 8 ամիսներին արդեն իսկ ավելի շատ արտահանում ենք իրականացրել Գերմանիա, քան ամբողջ անցած տարվա ընթացքում։ Սա կարևոր է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման տեսանկյունից», - հայտարարել է նախարարը:

Այդ ընթացքում կառավարության առջև ցույցեր անող բեռնատարների վարորդներն ու լոգիստիկ ընկերությունների ներկայացուցիչներն ասում են՝ շատ լավ է, որ Հայաստանը փորձում է եվրոպական շուկաներ տանել հայկական ապրանքները, բայց, հարցնում են՝ ովքե՞ր ու ինչպե՞ս են այդ բեռները տեղ հասցնելու. «Այսօր մեր Հայաստանի մեքենաների 80 %-ը եվրո ստանդարտներին չի համապատասխանում, այսինքն՝ կամ պետք է շուկան թարմացվի, իսկ շուկան թարմացնելու համար արտոնյալ պայմաններ են պետք», «Մեր մեքենայից կարող է մի կաթիլ յուղ կաթա, Եվրոպայի ճանապարհին էդ մեքենաները շտրաֆ անեն, դու համապատասխան փաստաթղթեր պետք է ունենաս, չունենք մենք», - ասում են մեր զրուցակիցները:

Ռուզաննա Մղդեսյանն ասում է՝ իր հիմնադրած լոգիստիկ ընկերությունը պատրաստ է բեռնափոխադրումներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ, փորձ ունեն, բայց Հայաստանը վաղուց պետք է այս հարցը լուծած լիներ, հիմա, ըստ նրա, խոչընդոտները գրեթե անհաղթահարելի են՝ թե՛ իրենց, թե՛ բեռնափոխադրող վարորդների համար. «Եթե Ռուսաստանից որոշել էինք, որ պետք է չկախվենք, նշանակում է՝ ի սկզբանե էկոնոմիկան պետք է կախեինք Եվրոպայից կամ մնացած մյուս երկրներից, նոր Ռուսաստանի հետ սկսվեր էս «հակամարտություն» ասվածը, ըստ որի, ուղղակի, մեր վարորդներն ու մենք ենք տուժում։ Հակամարտություն չակերտավոր նկատի ունեմ, նկատի ունեմ: Եթե ունենանք այլ ուղղություն, ուրեմն, պետք է դրան պատրաստել նաև այն բեռնափոխադրողին, ով որ այդ այլ ուղղությունը ապահովելու է», - շեշտում է լոգիստիկ ընկերության ղեկավարը:

Բեռնափոխադրող ընկերության ղեկավար Արսեն Խալաթյանի կարծիքով՝ պետությունը պետք է օգնի փոքր բեռնափոխադրողներին՝ ցածր տոկոսներով լիզինգ տրամադրել, որ նրանք կարողանան գնել կամ փոխել իրենց հին բեռնատարները։ Այսինքն՝ աջակցությունն առավել շատ պետք է ուղղվի հենց նրանց, որպեսզի այսօր անգործության շեմին կանգնած հարյուրավոր վարոդներ հանրավորություն ունենան Ռուսաստանից բացի նաև եվրոպական ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:

«Դա մենակ տալը չի էլի, որ ասեն՝ 2 %-ով, օրինակ, լիզինգ են տալիս, փոքր ընկերություններին պիտի խթանեն, որ էդ լիզինգը տան, այսինքն՝ չգնա շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, ասեն՝ դու մինչև 40 % կանխավճար չանես, քեզ լիզինգ չենք տալիս։ Նոր մեքենայի համար էդ 40 %-ը մոտավոր 50, 60 հազար դոլար է: Էսօր 50,60 հազար դոլարանոց մեքենա են մարդիկ քշում, վարկով են առել, էդ մարդուն որտեղից 60 հազար դոլար, որ մի հատ էլ գնա սալոնից բեռնատար առնի կամ 2-3 տարեկան մեքենաներ առնի, իսկ կա ավելի էժան տարբերակ, բայց պրակտիկան ցույց է տվել, որ մեր պայմաններում չեն դիմանում, այսինքն՝ էսօր մեր բեռնափոխադրման ընկերություններն էնքան եկամուտ չունեն, որպեսզի իրենք կարողանան եվրո ստանդարտներին համապատասխան մեքենաները առնել ու քշեն՝ Եվրոպա կամ այլ ուղղություններով», - ասում է բեռնափոխադրող ընկերության ղեկավարը:

«Ազատության» զրուցակիցների կարծիքով, սակայն, լիզինգային ծրարգրերից բացի մի չլուծվող հարց էլ կա. եվրոպական շատ երկրներ Հայաստանի քաղաքացիներին կա՛մ մերժում, կա՛մ էլ մեծ դժվարությամբ են վիզաներ տրամադրում: «Ի՞նչ անեն այս վարորդները».- հարցնում են նրանք՝ ընդգծելով, լեզվական դժվարություններն էլ իրենց հերթին են գործը բարդացնում:

Ռուսաստանում միգրացիոն խստացումների մասին օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարից, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ երկրների նաև բեռնատարների վարորդները տարվա ընթացքում 180 օրվա փոխարեն արդեն 90 օր կարող են գտնվել այնտեղ, օրենքը խախտողները տուգանվում, ձերբակալվում, արտաքսվում հաճախ նաև կալանավորվում են:

Պաշտոնական Երևանը պնդում է՝ բանակցում են ռուսական կողմի հետ: Մինչև այսօր, սակայն վարորդների պահանջին հստակ պատասխան կառավարությունը չունի՝ կարողացա՞ն արդյոք ռուսական կողմին համոզել, որ հայ բեռնափոխադրողների համար վերականգնվի նախկին՝ 180-օրյա ժամկետը: Օրերս էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել՝ եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, ապա Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջել։

XS
SM
MD
LG