Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր են քննարկվել Հյուսիսատլանտյան դաշինքում հավատարմագրված դեսպանների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։
Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։