Պաշտոնական Մոսկվան իր աջակցությունն է հայտնում Գազայում ռազմական գործողությունների դադարեցման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկ հրապարակած ծրագրին։ Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը մշտապես աջակցում այն գործողություններին, որոնք ձեռնարկվում են [Գազայում] ծավալվող ողբերգությանը վերջ տալու համար։ Թրամփի ջանքերը ևս բացառություն չեն», - նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, - «Իհարկե, մեր ցանկությունն է, որ այդ ծրագիրը կյանքի կոչվի և խաղաղություն հաստատելու հնարավորություններ ի հայտ գան»։
Սպիտակ տունը երեկ հրապարակել է Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում: