Մատչելիության հղումներ

«Նոր Գազա». Սպիտակ տունը հրապարակել է հակամարտության կարգավորման ծրագիրը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համատեղ ասուլիսի ժամանակ, 29-ը սեպտեմբերի, 2025թ.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համատեղ ասուլիսի ժամանակ, 29-ը սեպտեմբերի, 2025թ.

Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում:

Այս ծրագրով մասնավորապես նախատեսվում է ձևավորել Խաղաղության խորհուրդ, որը միջազգային վերահսկող մարմին կլինի, այն կղեկավարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ներգրավված կլինի նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։ Գազայում կառավարումը հանձնվելու է ժամանակավոր անցումային «տեխնոկրատական, ապաքաղաքական» հանձնաժողովին, որը բաղկացած կլինի պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից ու կվերահսկվի Խաղաղության խորհրդի կողմից։ Այս կառույցը կսահմանի ձևաչափն ու կհոգա Գազայի վերակառուցման ֆինանսավորումը մինչև պաղեստինյան ինքնավարության էական բարեփոխումները։

Թրամփի տնտեսական զարգացման ծրագիրը կձևավորվի փորձագետների հատուկ խմբի կողմից, որոնք մասնակցել են Մերձավոր Արևելքում ժամանակակից «հրաշալի քաղաքների» ստեղծմանը։ Նախատեսվում է ստեղծել հատուկ տնտեսական գոտի՝ արտոնյալ մաքսատուրքերով և մուտքի պայմաններով, որոնք կկարգավորվեն ներգրավված երկրների հետ։

Ծրագրի համաձայն՝ ոչ ոք ստիպված չի լինի լքել Գազան, որը ծանր ավերածություններ է կրել պատերազմի ընթացքում։ Ցանկացողները կարող են ազատորեն հեռանալ և վերադառնալ։

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համասը» և մյուս խմբավորումները կհամաձայնեն չմասնակցել Գազայի կառավարմանը՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի։ Բոլոր ռազմական կառույցները, այդ թվում՝ թունելներն ու զենքի արտադրամասերը, կվերացվեն։ Գազայի ապառազմականացումը կվերահսկեն անկախ դիտորդները։

Ծրագրի համաձայն՝ «Նոր Գազան» լիովին նվիրված կլինի բարեկեցիկ տնտեսության կառուցմանը և խաղաղ համակեցությանը հարևանների հետ։

Սպիտակ տանը կայացած համատեղ ասուլիսում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել Թրամփի ծրագրին: Նա հավելել է, որ ծրագիրը համապատասխանում է Իսրայելի ռազմական նպատակներին:

Սպիտակ տան ղեկավարն էլ ասել է, որ իրենք շատ մոտ են պաղեստինյան անկլավի վերաբերյալ դժվարամատչելի խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը:

«Համաս»-ի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ դեռ պաշտոնապես չեն ստացել ծրագիրը:



XS
SM
MD
LG