Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրից հետո F խմբի միանձնյա առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է՝ 9 միավորով, Հայաստանի ընտրանին պահպանում է փլեյօֆ դուրս գալու շանսերը:
Հայաստանի հավաքականը երեկ Բուդապեշտում 0:2 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին և 3 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է, Հունգարիան ընդամենը 1 միավորով ավելի է վաստակել և երկրորդն է:
Պորտուգալիայի ընտրանին երեկ երեկոյան կայացած հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին խփած միակ գոլով հաղթեց Իռլանդիայի հավաքականին, որը 1 միավորով եզրափակում է աղյուսակը:
Հաջորդ տուրում Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 14-ին Դուբլինում կխաղա Իռլանդիայի թիմի հետ, որին մեկ ամիս առաջ Երևանում հաղթել է 2:1 հաշվով:
Նույն օրը Լիսաբոնում կկայանա Պորտուգալիա - Հունգարիա հանդիպումը: