Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը մեղադրականը որակում է «քաղաքական փաստաթուղթ»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2025թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2025թ.

«Մարտի 1»-ի գործի վերաբացումից մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին դեռ մեղադրանք չի ներկայացվել:

Մեկ տարի առաջ դատախազը միջնորդել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով նոր՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրանքներ ներկայացնել Քոչարյանին ու մյուսներին, այս միջնորդությունը դեռ դատավորի սեղանին է: Այժմ կողմերը դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են ներկայացնում:

Երկրորդ նախագահն այսօր «քաղաքական» որակեց մեղադրական եզրակացությունը:

«Այս մեղադրական եզրակացությունը չի գրվել ի սկզբանե իրավաբանների կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է Դատախազություն: Սա ըստ էության քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթը դարձել է մեղադրական եզրակացություն», - դատարանում հայտարարեց Քոչարյանը:

Նախկին նախագահն ու մյուսները չորս տարի առաջ արդարացվեցին ոչ թե որ դատարանն ապացուցեց, որ նրանք հանցագործություն չեն արել, այլ հետևեց Սահմանադրական դատարանի որոշմանը: Քոչարյանի փաստաբաններն էին դիմել Բարձր դատարան, խնդրել հակասահմանադրական ճանաչել սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը: Դրական որոշում ստանալուց հետո արդեն առաջին ատյանի դատարանն արդարացրեց մեղադրյալներին, բայց այս որոշումն ուժի մեջ չմտավ: Վճռաբեկը բեկանեց այն, գործն էլ ուղարկեց հետ՝ նոր քննության:

Քոչարյանն ու մյուսները շարունակում են պնդել՝ այս նոր դատավորը պետք է պարզապես արդարացման որոշումը թողներ ուժի մեջ:

Այսօր էլ, քննադատելով ծավալուն մեղադրականը, նախկին նախագահը հայտարարեց՝ իր համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են ուզում իրենից արդեն 7 տարի:

«Երկու շարժառիթ է այստեղ նշված, այս մեղադրական եզրակացության մեջ: Առաջին շարժառիթը՝ ամեն գնով ցանկալի իշխանական համակարգը պահելու քայլեր, ուղղակի մեջբերում է՝ «ցանկալի իշխանական համակարգը», և երկրորդ շարժառիթը՝ «իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին», - նշեց Քոչարյանը:

Ի՞նչ է նշանակում «ցանկալի իշխանական համակարգը պահելու» արտահայտությունը. այս հարցը, ասաց, դեռ տարիներ առաջ է տվել քննիչին, բայց պատասխան չի ստացել, անգամ դիմել է արհեստական բանականության օգնությանը:

«Իշխանական համակարգը դա պետական ինստիտուտների ամբողջականությունն է՝ կարճ ասած այ սա է: Հիմա, ցանկալի՞ն որն է», - ընդգծեց երկրորդ նախագահը:

Քոչարյանը պնդում էր՝ իրեն փաստորեն մեղադրում են իր պարտականությունները կատարելու՝ պետական համակարգը պաշտպանելու համար:

Նրան ու նախկին ենթականերին իրավապահները մեղադրում են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ ձեռնարկած անօրինական գործողությունների համար: Քոչարյանի ստորագրած 0038 հրամանով Զինված ուժերը, այդ թվում՝ Արցախից, տեղակայվել էին Երևանում, բանակը բերվել էր մարտական ռեժիմի, անօրինական հաստատված արտակարգ դրություն, որը վերածվել էր ռազմական դրության, հավաքները Զինված ուժերով ցրելու գործողություններ, տասը զոհեր։ Տասն ամիս առաջ էր դատախազ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել ծավալուն մեղադրականը:

«Ռոբերտ Քոչարյանն իր վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006թ. դեկտեմբերի 5-ին ընդունված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում», - հայտարարել էր դատախազը:

Չնայած Քոչարյանի ու մյուսների պնդումներին, թե արդարացման որոշումը պետք է մտնի ուժի մեջ, Դատախազությունը հակադարձում է իր մեղադրականով, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախագահը օրենք են խախտել: Սակայն կա մի կարևոր հարց՝ այս նոր հոդվածով էլ անցել են վաղեմության ժամկետները. դա նշանակում է, որ եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին, նրանք միևնույն է չեն ազատազրկվի:

Նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ բացի վաղեմության ժամկետի խնդրից, այս գործում խնդիրներ էլի կան՝ դատավորը մեղադրանքը դեռ չի հաստատել, բայց Դատախազությունը մեկ ամիս առաջ արդեն դիմել է դատարան և պաշտպանյալից ու մյուսներից որպես պետությանը պատճառված վնաս պահանջել 670 միլիոն դրամ: Դատարանն էլ այդ գումարի չափով արգելանք է դրել Քոչարյանի ու մյուսների գույքի վրա:

«Այս հայցում, պատվարժան դատարան, գիտե՞ք ինչ ձևակերպում է օգտագործվում՝ իրավական որակումը փոխվել է, առաջադրվել է նոր մեղադրանք, այսինքն՝ կոնկրետ մեկ այլ քաղաքացիական գործով արդեն դատարանի գործողությունները կանխատեսվա՞ծ են», - հայտարարեց փաստաբանը:

2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի փաստաբանն այսօր պնդեց՝ այս քայլով պարզ է դառնում այս ամբողջ դատավարության նպատակը՝ Քոչարյանից ու մյուսներից ստանալ այն գումարը, ինչը պետությունը տարիներ առաջ վճարել է «Մարտի 1»-ի գործով տուժողներին:

«Այստեղ բոլորս զբաղված ենք չգրված օրենքներով մեռած քրեական գործին արհեստական շնչառություն տալով: Եվ եթե մենք շարունակում ենք այս գործողությունները, մենք ոչ թե մեռածին երկրորդ կյանք ենք տալիս, այլ հակառակը՝ բուժման գործիքներն ենք թունավորում, ինչը վերջիվերջո հանգեցնելու է իրավաբան մասնագիտության մահվանը», - պնդեց Միհրան Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ սա մեռած գործ է, որի հետ մեկ բան պետք է անել՝ հուղարկավորել:

Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 19-ին է:

XS
SM
MD
LG