Մատչելիության հղումներ

Ռուսաստանը երեկ ամենալայնածավալ օդային հարձակումն է գործել Ուկրաինայի վրա


Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, սեպտեմբերի 8,2025 թ.
Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, սեպտեմբերի 8,2025 թ.

Մինչ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստում, Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ռուսաստանը երեկ ամենալայնածավալ օդային հարձակումն է գործել Ուկրաինայի վրա:

Ռուսական զինուժը Կիևում առաջին անգամ հարվածել է կառավարության շենքին, որտեղ հրդեհ է բռնկվել, հարվածել են նաև բնակելի շենքերի. կա չորս զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, առնվազն 20 վիրավոր:

Զելենսկին գրոծընկերից պահանջել է խիստ արձագանքել

Ուկրաինայի նախագահը պահանջել է, որ ԱՄՆ-ն և մյուս գործընկերները խիստ արձագանքեն այս հարձակմանը: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ ակնհայտ է, որ նման հարձակումներով Ռուսաստանը փորձում է հնարավորինս շատ ցավ ու տառապանք պատճառել Ուկրաինային, նաև հասկանալ՝ արդյոք աշխարհը կհանդուրժի դա:

«Ահա թե ինչու է կարևոր, որ առաջնորդների, պետությունների և հաստատությունների հայտարարությունները ամրապնդվեն վճռական քայլերով՝ Ռուսաստանի, Ռուսաստանի հետ առնչվող անձանց դեմ պատժամիջոցներով, խիստ մաքսատուրքերով և Ռուսաստանի հետ առևտրի այլ սահմանափակումներով։ Նրանց կորուստները պետք է շոշափելի լինեն», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Թրամփը հայտարարել է՝ պատրաստ է անցնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլին

ԱՄՆ նախագահը, որը վերջին շրջանում քանիցս հայտարարել է, թե հիասթափված է Վլադիմիր Պուտինից հրադադար չհաստատելու և Ուկրաինայի նախագահի հետ ուղիղ բանակցություններից հրաժարվելու պատճառով, հայտարարել է, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլին։

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջիկա օրերին նախատեսում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ, իսկ արդեն այս շաբաթ սպասվում է եվրոպացի առաջնորդների այցը Վաշինգտոն: Սակայն Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե խոսքն ում մասին է։

«Մենք շատ հետաքրքիր քննարկումներ կունենանք։ Գիտեք, որ երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին որոշ եվրոպացի առաջնորդներ կայցելեն մեր երկիր, նաև անհատական այցերով: Կարծում եմ՝ մենք կկարգավորենք այս հակամարտությունը, մենք պետք է դա անենք», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն իր հերթին սոցցացնում գրել է, որ Կիևի վրա վերջին մահաբեր հարձակումը չի վկայում այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը։

Պաշտոնական Բեռլինն իր հերթին հայտարարել է՝ ռուսական զինուժի վերջին հարձակումները սրում են իրավիճակը և ցույց տալիս, որ Պուտինը պատրաստ չէ բանակցությունների: Գերմանիայի կառավարության հայտարարությունում ասվում է, որ Պուտինը ցանկանում է շարունակել տեղում անդառնալի իրողություններ ստեղծել. «Եվ սա կարելի է կանգնեցնել միայն Ուկրաինային հնարավորություն տալով պահպանել իր պաշտպանունակությունը և Պուտինին թույլ չտալով հաջողության հասնել», - ասված է հայտարարությունում:

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով էլ՝ ամեն ինչ վկայում է, որ Պուտինի իմպերիալիստական ծրագրերը չեն ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ, այլ միայն կսկսվեն այնտեղից:

ԱՄՆ-ն պատրաստ է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, սակայն ակնկալում է, որ դա տեղի կունենա եվրոպացի գործընկերների կողմից նմանատիպ գործողությունների հետ միաժամանակ, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Սքոթ Բեսենթը շեշտել է, որ ռուսական նավթ գնել շարունակող երկրների դեմ լրացուցիչ երկրորդային պատժամիջոցների և մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել ռուսական տնտեսության փլուզման։ Ըստ նրա՝ հիմա տեղի է ունենում մրցավազք, որը ցույց կտա, թե որքան կարող են դիմանալ ուկրաինական բանակն ու ռուսական տնտեսությունը:

«Եթե ԱՄՆ-ն և Եվրամիությունը միջամտեն և լրացուցիչ պատժամիջոցներ ու մաքսատուրքեր սահմանեն ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ, ռուսական տնտեսությունը լիովին կփլուզվի, և դա նախագահ Պուտինին կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ», - NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը ԵՄ փորձագետների հետ արդեն Վաշինգտոնում է՝ ամերիկացի գործընկերների հետ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր հետագա պատժամիջոցները:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստումը սերտորեն համակարգում է ԱՄՆ-ի հետ:

Ըստ Bloombergի՝ 19-րդ փաթեթի շրջանակում ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել ռուսական մի քանի բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ, նաև լրացուցիչ սահմանափակումներ մտցնել նավթի առևտրի վրա: Նոր փաթեթը, ըստ եվրոպացի պաշտոնյաների, կներկայացվի մինչև ուրբաթ:

Մոսկվայից արձագանքում են

Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ հայտարարելով, որ ոչ մի պատժամիջոց չի կարող Ռուսաստանին ստիպել փոխելու իր քաղաքականությունն Ուկրաինայի հարցում: Ըստ Դմիտրի Պեսկովի՝ առ այսօր կիրառված բազմաթիվ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել։

«Դրանք բացարձակապես անօգուտ եղան Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու առումով։ Ռուսաստանը հետևողականորեն շարժվում է սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ», - հայտարարել է Պեսկովը:

ԱՄՆ էներգետիկայի նախարարը Financial Times-ին ասել է, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի ռուսական գազից ու նավթից, որպեսզի ԱՄՆ-ն խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Ըստ Քրիս Ռայթի՝ Եվրոպան փոխարենը պետք է դրանք գնի ԱՄՆ-ից, ինչը տնտեսապես ձեռնտու կլինի Եվրոպային: «Եվրոպական երկրները էներգակիրների հուսալի մատակարարների, դաշնակիցների, կարիք ունեն, այլ ոչ թե թշնամիների»,- ասել է նա:

XS
SM
MD
LG