Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը «մոտ են դիվանագիտական ​​լուծմանը». Կիրիլ Դմիտրիև


Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները «մոտ են դիվանագիտական լուծմանը», որը վերջ կդնի պատերազմին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը՝ CNN-ին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ իրական խնդիրն այն է, թե ինչպես շարունակել երկխոսությունը, ինչպես գտնել ճգնաժամի խաղաղ լուծում՝ առաջարկելով իրատեսական լուծումներ, այլ ոչ թե անիրատեսական», - ասել է Դմիտրիևը։

Հարցին, թե ինչո՞ւ Պուտինը չի համաձայնվում հրադադարին, նա պատասխանել է, որ Ռուսաստանը ցանկանում է ոչ միայն հրադադար, այլև հակամարտության վերջնական լուծում։ Նա հավելել է, որ հրադադարը միշտ կարող է խախտվել կամ օգտագործվել պատերազմող կողմերի կողմից վերազինվելու համար։

«Նախագահ Զելենսկու կողմից այն բանի ընդունումը, որ մենք խոսում ենք առաջնագծի մասին, արդեն մեծ քայլ է։ Նախկինում նրա դիրքորոշումն այն էր, որ Ռուսաստանը պետք է ամբողջությամբ դուրս գա [Ուկրաինայի օկուպացված տարածքներից]։ Այսպիսով, ըստ էության, կարծում եմ, որ մենք բավականին մոտ ենք դիվանագիտական լուծմանը, որը կարող է մշակվել», - ընդգծեց Կրեմլի հատուկ ներկայացուցիչը։

Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են գերիների հետագա փոխանակման հնարավորությունը:

Ամերկյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վաղը ԱՄՆ-ում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ:

Երկու բանագնացների հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի նավթային երկու խոշորագույն ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու՝ Սպիտակ տան որոշումից հետո։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG