Երևանը Սահմանադրությունը փոխելու հարցով Բաքվի հետ չի բանակցում, պնդում է արտգործնախարարը՝ ընգդծելով, որ չեն կիսում Հայաստանի Մայր օրենքի վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները:
Սահմանադրության փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Օրբելի» կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում այսօր Արարատ Միրզոյանին ուղղեց ադրբեջանցի լրագրողը:
«Մեր պատասխանը շատ միանշանակ է. մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Ես նշեցի արդեն՝ խաղաղությունը հաստատված է, մի շարք հարցերի շուրջ համաձայնությունները ձեռքբերված են, հրապարակված է, ստորագրված է: Բայց կան նաև հարցեր, որ երկու երկրները չեն համաձայնվում: Սա այդպիսի հարցերից մեկն է», - ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Բաքվում սպասում են այդ փոփոխությանը, Azertac-ի լրագրողը հետաքրքրվեց, թե Երևանում որքա՞ն շուտ այն կիրականցնեն: Արտգործնախարարը մինչ բուն հարցին պատասխանելը տարակուսեց՝ ինչո՞ւ է ադրբեջանական պետական լրատվամիջոցի ներկայացուցիչը Երևանում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը համահունչ հարց տալիս:
«Ես կհարցնեի երևի մի բան, որը չէր լինի, օրինակ, պաշտոնական Բաքվի խոսույթը, թեման, որը նաև ես հնարավորություն եմ ունենում քննարկելու կամ լսելու ադրբեջանցի իմ գործընկերների կողմից, դա հաստատ չէր լինի Սահմանադրության վերաբերյալ: Բայց, գուցե, ես թյուր պատկերացումներ ունեմ լրագրողական հետաքրքրությունների մասին», - նշեց արտգործնախարարը:
Ավելի քան երեք տարի բանակցված և համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է: Բաքուն ստորագրելու երկու նախապայման էր ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում: Երեք տասնամյակ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միակ ձևաչափը Երևանի համաձայնությամբ լուծարվեց: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, Արարատ Միրզոյանն այսօր պնդեց՝ Երևանն ու Բաքուն արձանագրել են՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի Սահմանադրություններին բանակցություններում անդրադարձ չի լինելու:
«Մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է: Հետևաբար մենք և Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային, չկա այդպիսի բան: Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն , - ընդգծեց Միրզոյանը:
Բաքվից, սակայն, չեն հրաժարվում այս օրակարգից, պարբերաբար հիշեցնում են՝ խաղաղության պայմանագիրը կստորագրեն միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո: Միրզոյանը ևս սա փաստեց՝ միևնույն ժամանակ պնդելով, թե առանց ստորագրման էլ՝ միայն նախաստորագրմամբ խաղաղությունը հաստատված է: Հայաստանի գլխավոր դիվանագետը, այդուհանդերձ, հարկ համարեց շեշտել՝ նոր Սահմանադրության հարցը իշխանության օրակարգում է:
«Մենք դեռ 2018 թվականի վերջերից հանրային ասել ենք, որ մենք խնդիր ունենք մեր Սահմանադրությունը փոխելու: Բայց, սա, նախևառաջ ներհայաստանյան օրակարգի մաս է», - շեշտեց արտգործնախարարը:
2018-ից հետո իշխանությունը խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից, որպեսզի այդպես վերացնի իրենց բնորոշած «սուպերվարչապետական» համակարգը: Այժմ, երբ փաստաթուղթը մշակվում է, այդ մասին խոսք չկա, փոխարենը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ իր կարծիքով նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Հենց սա է պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանը: Ադրբեջանից չեն հրաժարվում նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի օրակարգից: Ընդամենը երկու օր առաջ Իլհամ Ալիևը Սևանը «Գյոյչա» անվանեց, վերստին հայտարարեց՝ «ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան և դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը»:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ Ադրբեջանում: Ես չեմ ուզում ոչ մեկին փաստաբանություն անել, բայց ձևակերպումն այդպես էր, չէ՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա: Չեմ կարծում, որ Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան,կա Գյոչյա: Բայց, միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չի և իսկապես չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվում»:
Իսկ ի՞նչ փուլում են Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրամփի ուղու իրականացման աշխատանքները, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ և գործնականում ե՞րբ այն կդառնա իրականություն: Նախարարն առանց ժամկետներ նշելու միայն շեշտեց՝ ամերկյան կողմից հետ այժմ ինտենսիվ քննարկումներ են: