«Եվ կանխատեսում էինք, որ այսօր ևս մի քայլ նիկոլական ռեպրեսիվ ապարատը կձեռնարկի, ինչը և տեղի ունեցավ», - այսօր հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից բացակայել, Աշոտյանն է տեղեկացնում: Ըստ նրա՝ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել այժմ հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքների դրվագով: Ընդ որում, ըստ Աշոտյանի, դեռ վեց տարի առաջ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ Բաղդասարովը հերքել է դրանց իսկությունը: Ռուսախոս Բաղդասարովը հրաժարվել է ցուցմունքներից՝ նշելով, թե սխալ են թարգմանել իր ասածները, պատմում է Հանրապետականի փոխնախագահը:
«Գիտեք, նա ռուսախոս էր և սխալ թարգմանության, կամ ուղղորդված սխալ, եթե ավելի ուղիղ խոսենք, թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ», - ասաց Արմեն Աշոտյանը:
Միխայիլ Բաղդասարովը մահացել է 2020 թվականին: Եթե նա ժամանակին հրաժարվել է այդ ցուցմունքներից, ինչպե՞ս են առանց կողմի մասնակցության դատարանում պնդելու այդ ցուցմունքների արժանահավատությունը:
«Կամ ընդեղ չէպէ չկա, դուք հիմա նախագահի գլխին սարքելու համար ուրիշ թեմա չեք ունեցել և չեք հորինել, հանել եք փոշոտ դարակներից մի դեֆեկտավոր, այսպես ասած, փաստաթղթեր և փորձել եք դրա հիման վրա նախագահին արգելել մեկնել երկրից, կամ էլ եղել է հանցագործություն, որ դուք վեց տարի պարտակել եք փաստորեն՝ չուղարկելով այն ժամանակին դատարան: Չէ, իհարկե, կա նաև երրորդ տարբերակը, որը զավեշտալի կարող էր և թվալ, բայց հաշվի առնելով, որ այս ամբողջը զավեշտալի է, որ լուսահոգի Միքայել Բաղդասարովը վերակենդանացել է և նոր ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ», - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
Թե ինչ բովանդակություն ունեն Բաղդասարովի ցուցմունքները, ոչ Աշոտյանը, ոչ էլ հետապնդումը հարուցած Դատախազությունը չեն հրապարակում: Իրավապահ կառույցից «Ազատությանը» միայն հայտնեցին, թե նոր մեղադրանքը խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով է:
«Եվ այնքան ակնհայտ էր, որ ըտեղ թեմա չկա, պրոբլեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չէպէ չկա, կեղտ չկա, որ անգամ իրենց հորինված, շինծու ընդհանուր գործի մեջ էդ թեման չեն ներառել, այսինքն՝ էդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ», - նշեց Աշոտյանը:
Միկա Բաղդասարովը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է եղել, ու Սարգսյանին առնչվող գործերից մեկով էլ նշվում է, թե Սարգսյանն անցնելով լիազորությունները՝ ի թիվս այլ պաշտոնյաների Բաղդասարովի կազմակերպությանն էլ արտոնություններ է տվել: Այս գործը դատարանում է, ու Բաղդասարովի ցուցմունքների դրվագը, որից կենդանության օրոք դեռ Սարգսյանի հետ առերեսվելիս հրաժարվել է, չեն ներառել գործում, այսինքն՝ չեն համարել ապացույց, շեշտում է Արմեն Աշոտյանը: Իսկ այսօր, երբ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսած Սարգսյանին ուզում են արգելել երկրից դուրս գալ, կառչել են այս արդեն հերքված ցուցմուքներից, ասում է Սարգսյանի թիմակիցը:
«Սա մեզ չի զարմացնում, բայց զայրացնում է՝ զայրացնում է այն տկարամտությամբ, այն լկտիությամբ, այն հաբռգածությամբ, այն անպատժելիությամբ, որով Նիկոլ Փաշինյանը և իր կամակատար դարձած իրավապահ համակարգը ափաշկյարա, բացահայտ կերպով խախտում են բազմաթիվ քաղաքացիների՝ այդ թվում նաև երրորդ նախագահի ֆունդամենտալ, հիմնարար իրավունքները», - ասաց Արմեն Աշոտյանը:
Ընդ որում, Միկա Բաղդասարյանին առնչվող գործով, որտեղ բացակայում է նրա ցուցմուքների դրվագը, Սարգսյանին երկրից բացակայելու արգելք չի կիրառել դատարանը, շեշտում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Երրորդ նախագահի առնչությամբ մի քանի գործ կա դատարանում, որոնք երկու վարույթով են քննում: Երկու դատավորն էլ երեկ մերժել են Դատախազության միջնորդությունը, որ պահանջում էր Սարգսյանին արգելել երկրից դուրս գալ: Մեղադրողի պահանջը դատարանը քննել է նաև նախօրեին գիշերը: Հաջորդ օրն էլ նիստերը շարունակվել են, անգամ երբ դատավորներից մեկի եղբայրը հանկարծամահ է եղել, մանրամասնում է Աշոտյանը. - «Այնքան էր նիկոլական պրոպագանդան, նիկոլական ապարատը, Նիկոլը անձամբ այդ խնդրով շահագրգիռ, որ անգամ դատավորներից մեկին իր հարազատի սգո արարողություններից կտրել բերել էին և փաստացի ստիպել էին նիստ անցկացնել»:
Դատախազությանն ի՞նչն է ստիպել, որ երրորդ նախագահի տեղաշարժի իրավունքը սահմանափակեն: Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց՝ դատարանում ընդհանուր մի պատճառաբանություն են ներկայացրել. - «Փաստաթուղթ, որտեղ արձանագրված էր, որ օպերատիվ տվյալներ կան, որ Սերժ Սարգսյանը նպատակադրված է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել: Ոչ հիմնավորումներ կար՝ ինչպես են ստացել, ումից են ստացել ... »:
Սարգսյանն էլ դատարանում վստահեցնում էր, որ ոչինչ չի ստիպի իրեն փախուստի դիմել իր երկրից: «Նույնիսկ եթե ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես էս երկրից չեմ փախչի; Էս իմ երկիրն ա, էս իրանց երկիրը չի, իմ երկիրն ա, ես իմ երկրից ո՞ւր պիտի փախչեմ», - հայտարարում էր նախկին նախագահը:
Ի՞նչն է պատճառը, որ ամեն գնով Սերժ Սարգսյանին արգելում են Հայաստանից դուրս գալ: Արմեն Աշոտյանի վարկածներից մեկն էլ այն է, որ Սարգսյանը վաղը հարցազրույց է տալու յութուբյան ալիքներից մեկում, և գուցե այդ պատճառով Փաշինյանի նյարդերը լարվել են: