Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, Կրեմլում նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և Դամասկոսի հարաբերությունները միշտ «առաջնորդվել են սիրիացի ժողովրդի շահերով»՝ հավաստիացնելով, որ այդ հարաբերությունները միշտ բարեկամական են եղել։
Ալ-Շարաան, որի ղեկավարած ապստամբների զինված պայքարի արդյունքում տապալվեց Մոսկվայի դաշնակից Բաշար ալ-Ասադի երկարամյա ռեժիմը, իր հերթին, հայտարարել է, որ սիրիական իշխանությունները կհարգեն Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնագրերը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հաստատել էր, որ ռուս-սիրիական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում Ասադի կառավարման տարիներին Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների ճակատագիրն է։ Իշխանափոխությունից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում կտրուկ կրճատվել է, սակայն Հմեյմիմի և Տարտուսի նավահանգստի բազաները շարունակում են գործել։
Մոսկվա այցին ընդառաջ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հաղորդել են, որ ալ-Շարաան ցանկանում է Մոսկվայից պաշտոնապես պահանջել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստացած Ասադի արտահանձնումը։ Այս մասին, սակայն, պաշտոնապես որևէ հրապարակավ հայտարարություն չի հնչել։