Մատչելիության հղումներ

Սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները տեղափոխվում են Երևան՝ ՀՕՖ- ի երեխաների աջակցության կենտրոն


Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները տեղափոխվում են Երևան՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն:

Այս որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության հանձնաժողովը: Կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը «Ազատությանն» ասաց. «Առաջնային խնդիրը երեխաներին ջերմ ընդունելն ու հոգեբանական աշխատանք կատարելն է, մասնագիտական այլ աջակցության հարցը կքննարկվի՝ ըստ երեխաների կարիքի»:

Երեխաները դեռ Ծափաթաղ-Երևան ճանապարհին են՝ մայրիկի ուղեկցությամբ: Վերջինս, սակայն, աջակցության կենտրոնում նրանց հետ մնալ չի կարող:

Ծափաթաղցի փոքրիկին փրկարարները որոնում էին 7 օր, մարմինը գտել էին երկու օր առաջ՝ գյուղին հարակից դաշտամիջյան հատվածում:

Նախօրին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց. «Շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին»:

Երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Քննչական կոմիտեից հայտնում են՝ հայրը՝ Արմեն Օվանեսովը, սպանության մեղադրանքով կալանավորված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG