Մատչելիության հղումներ

Թրամփը և Ծինփինը համաձայնել են մեղմել առևտրային լարվածությունը և «համատեղ աշխատել» Ուկրաինայի հարցում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հանդիպել են Հարավային Կորեայում, քննարկել Ուկրաինայում շարունակվող պատերազմն ու համաձայնել են հետ քայլ անել ամիսներ շարունակվող կոշտ առևտրային պատերազմում։

Չինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո՝ «Էյր Ֆորս Ուան» ինքնաթիռում կայացած ճեպազրույցի ժամանակ, Թրամփը նշել է, որ «հրաշալի հանդիպում» է ունեցել Սի Ծինփինի հետ, և նրանք համաձայնության են եկել «շատ կարևոր կետերի», այդ թվում՝ առևտրի, մաքսատուրքերի և հազվագյուտ հանքանյութերի շուրջ։
Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ 10 տոկոսով կնվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքը, Պեկինն էլ կվերսկսի Միացյալ Նահանգներից սոյայի «մեծ քանակությամբ» գնումները, որոնք դադարեցվել էին մայիսին՝ ամերիկյան մաքսատուրքերին ի պատասխան։

Թրամփը հավելել է, որ համաձայնություն է ձեռք բերվել նաև Չինաստանի կողմից հազվագյուտ հանքանյութերի՝ 17 տարրերի մատակարարման վրա սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։ Այդ տարրերը փոքր, բայց վճռորոշ դեր են խաղում մեքենաների, ինքնաթիռների և զենքերի արտադրության մեջ։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, ով ևս «Էյր Ֆորս Ուան» ինքնաթիռում էր, ասել է, որ Չինաստանը նախագահների հանդիպումից հետո չի կիրառի հոկտեմբերին հազվագյուտ մետաղների արդյունահանման նկատմամբ ուժի մեջ մտած սահմանափակումները: Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք ուժի մեջ են մնում ապրիլից արդեն իսկ գործող դրույթները։

«Հազվագյուտ մետաղների վերաբերյալ բոլոր հարցերը լուծված են, և դա աշխարհի համար է... Սա վերաբերում էր ողջ աշխարհին, ոչ միայն ԱՄՆ-ին, - լրագրողներին ասել է Թրամփը, հավելելով, - Չինաստանի կողմից այլևս խոչընդոտ չկա»։

Թրամփը հավելել է, որ քննարկել է նաև 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված պատերազմը․ ըստ ԱՄՆ նախագահի՝ ինքը և Սի Ծինփինը համաձայնել են «համատեղ աշխատել»։

Համաձայնության ենք եկել «առևտրային խոշոր հարցերը» լուծելու վերաբերյալ. Ծինփին

Սի Ծինփինը Չինաստանի պետական լրատվամիջոցներում հրապարակված մեկնաբանություններում ասել է, որ կողմերը համաձայնության են եկել «առևտրային խոշոր հարցերը» լուծելու վերաբերյալ, և որ չինական և ամերիկյան թիմերը կշարունակեն աշխատել այնպիսի արդյունքների հասնելու ուղղությամբ, որոնք կծառայեն որպես «հուսադրող դեղահաբ»՝ երկու երկրների տնտեսությունների համար։

«Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են համատեղ ցուցադրել խոշոր տերություններին վայել պատասխանատվություն՝ համատեղ աշխատելով ավելի նշանակալի, գործնական և օգտակար ձեռնարկների ուղղությամբ երկու երկրների և աշխարհի համար», - ասել է նա։

Առևտրային լարվածության թուլացումը կարող է նպաստել ավելի լայն համաձայնագրի շուրջ քննարկումներին

Հարավային Կորեայի Բուսան քաղաքի «Գիմհե» միջազգային օդանավակայանում կայացած հանդիպումը, կարծես, հիմք է տվել առաջիկա ամիսներին ավելի լայն երկխոսության համար, քանի որ Թրամփը հայտարարել է, որ ապրիլին նախատեսում է այցելել Չինաստան, և որ շուտով կարող է ստորագրվել նախնական առևտրային համաձայնագիր։

Վերլուծաբանները «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ բանակցությունների ընթացքում ավելի լայն համաձայնագրի համար սահմանափակ հնարավորություններ են տեսնում, սակայն առևտրային լարվածության թուլացումը կարող է նպաստել ավելի լայն համաձայնագրի շուրջ քննարկումներին, երբ Թրամփը կմեկնի Չինաստան, իսկ Սի Ծինփինը, ինչպես սպասվում է, այցելի Միացյալ Նահանգներ հաջորդ տարի։

Բանակցությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է «անմիջապես» դուրս գալ Վաշինգտոնի կողմից միջուկային զենքի փորձարկման կամավոր մորատորիումից։

Սոցիալական ցանցերում Թրամփը գրել է, որ Միացյալ Նահանգներն «ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր», երկրորդ տեղում նշելով Ռուսաստանին, իսկ երրորդում՝ Չինաստանին, որը «հեռու երրորդն է, բայց կհավասարվի 5 տարվա ընթացքում»։

Բանակցություններից առաջ սպասվում էր, որ Թրամփը և Սի Ծինփինը կքննարկեին նաև լարվածություն առաջացնող այլ հարցեր, այդ թվում՝ Թայվանը և Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին։

Սակայն Թրամփը նշել է, որ ինքնակառավարվող Թայվանը, որը Պեկինը համարում է իրենը, քննարկման օրակարգում չի եղել։
Հանդիպումից առաջ Ուկրաինան և նրա դաշնակիցները կոչ էին արել Թրամփին ճնշում գործադրել Սի Ծինփինի վրա՝ Չինաստանի կողմից Ռուսաստանին աջակցությունը դադարեցնելու պահանջով։

Չինաստանը ռուսական նավթի ամենամեծ գնորդն է․ այդ վաճառքից գոյացող միջոցները Մոսկվան օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար։ Թրամփը, սակայն, ասել է, որ ինքը և Սի Ծինփինը չեն անդրադարձել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու հարցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG