Մատչելիության հղումներ

Թրամփը և Ծինփինը պայմանավորվել են թուլացնել առևտրային լարվածությունը և միասին աշխատել Ուկրաինայի հարցում


Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներն այսօր կայացած հանդիպմանը համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների, սոյայի գնման և ֆենտանիլի հետ կապված մաքսատուրքերի նվազեցման։ Հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հիանալի հանդիպում ունեցանք Սիի հետ և շատ կարևոր կետերի շուրջ համաձայնության եկանք՝ առևտուր, մաքսատուրքեր, հազվագյուտ մետաղներ», - լրագրողներին ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ 10 տոկոսով կնվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքը, Պեկինն էլ կվերսկսի Միացյալ Նահանգներից սոյայի «մեծ քանակությամբ» գնումները, որոնք դադարեցվել էին մայիսին՝ ամերիկյան մաքսատուրքերին ի պատասխան։

Թրամփը հավելել է, որ համաձայնություն է ձեռք բերվել նաև Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումների վերացման շուրջ, թեև մանրամասներ դեռ չեն հրապարակվել:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ քննարկել են նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը, և Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել օգնել հարցի կարգավորման գործում:

Չինական կողմը դեռ չի մեկնաբանել հանդիպումը:

Թրամփի ու Ծինփինի բանակցությունները Հարավային Կորեայում տևել են 1 ժամ 40 րոպե:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG