Եթե Ուկրաինայի նախագահը պատրաստ է այցելել Մոսկվա՝ բանակցությունների, ապա նման այցը հնարավոր է: Չինաստան կատարած չորսօրյա այցից հետո այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ Ալյասկայում հանդիպմանն այդ մասին իրեն խնդրել է ԱՄՆ նախագահը:
«Դոնալդն ինձ խնդրել է՝ եթե հնարավոր է, նման հանդիպում անցկացնեմ։ Ես ասել եմ՝ այո, հնարավոր է։ Ի վերջո, եթե Զելենսկին պատրաստ է, թող այցելի Մոսկվա, նման հանդիպում տեղի կունենա», - հայտարարել է ՌԴ նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը երբեք չի քննարկել Ուկրաինային տարածքային զիջումների դիմաց անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, ապա հավելել, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու իր անվտանգության կարգավորումները, սակայն դա չպետք է ապահովվի Ռուսաստանի հաշվին։
Կրեմլի ղեկավարը նաև ասել է, որ Վլադիմիր Զելենսկին այլևս Ուկրաինայի օրինական ներկայացուցիչը չէ՝ նշելով, որ նրա պաշտոնական լիազորությունները լրացել են. «Նրա հետ հանդիպումը ոչ մի տեղ տանող ճանապարհ է», - ասել է Պուտինը:
Թրամփը կրկին Պուտինից իր հիասթափությունն է հայտնում
Մինչ այդ, ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, թե հիասթափված է Պուտինից՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում առաջընթաց չգրանցելու համար. «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, դա կարող եմ ասել, և մենք որոշ քայլեր կձեռնարկենք, որպեսզի օգնենք մարդկանց ապրել»,- Սքոթ Ջենինգսի ռադիոհաղորդման ժամանակ ասել է Թրամփը:
Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ էլ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե ռուս - ուկրաինական պատերազմի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ է ստացել, ապա հավելել, որ եթե հնարավոր չլինի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպել, ապա դա հետևանքներ կունենա:
«Ես շատ հետաքրքիր բաներ եմ իմացել։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրերին դուք կիմանաք ... Այո, կլինեն հետևանքներ ... Տեսնենք՝ ինչ կանեն և ինչ տեղի կունենա։ Ես շատ ուշադիր հետևում եմ իրադարձություններին», - ասել է Թրամփը:
Այսօր ավելի վաղ Վլադիմիր Պուտինն այլ առաջնորդների հետ Պեկինում մասնակցել էր Երկրորդ աշխարհամարտի ավարտի 80-ամյակի ռազմական շքերթին, որով, ըստ վերլուծաբանների, Չինաստանի ղեկավարն ի ցույց է դնում այլընտրանքային՝ ոչ արևմտյան աշխարհակարգի առաջնորդի իր կարգավիճակը։
Թրամփը հայտարարել էր, որ իրեն բոլորովին չեն մտահոգում տեսակետները, որ Չինաստանում ԱՄՆ-ի դեմ նոր «առանցք» է ձևավորվում: Սակայն Պեկինում շքերթի մեկնարկից անմիջապես հետո սոցցանցում գրել է՝ գլխավոր հարցն այն է՝ արդյոք Սի Ծինփինը կանդրադառնա՞ այն հսկայական դերին, որ ԱՄՆ-ը խաղացել է պատերազմում հաղթանակի գործում։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն արձագանքել է՝ նշելով, որ Միացյալ Նահանգների դեմ որևէ դավադրություն չկա, և առաջնորդներից որևէ մեկը նման մտադրություն չունի:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հիշեցրել է, որ նախագահ Պուտինը Ալյասկայի հանդիպմանը Թրամփին հրավիրել էր Ռուսաստան, և հիմա ռուսական կողմը սպասում է նրա պատասխան այցին:
Փարիզում նախատեսված է Ուկրաինային աջակցել կամեցողների կոալիցիայի հանդիպումը
Վաղը Փարիզում նախատեսված է Ուկրաինային աջակցել կամեցողների կոալիցիայի հանդիպումը՝ քննարկելու պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու առաջարկները: Քննարկմանը, ըստ Գերմանիայի, կարող է հրավիրվել նաև ԱՄՆ նախագահը։
Ելիսեյան պալատին հղումով France-Press-ը հայտնում է, որ եվրոպական երկրները պատրաստել են առաջարկներ և ակնկալում են ԱՄՆ աջակցությունը: Ըստ մամուլի հաղորդումների՝ հանդիպմանը կարող է քննարկվել նաև Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը, ինչին Մոսկվան դեմ է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ քննարկմանը կամ դրանից անմիջապես հետո կոալիցիան կհստակեցնի անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկները. «Դա նշանակում է, որ մենք կարող ենք ավելի ինտենսիվորեն համագործակցել, այդ թվում՝ ամերիկյան կողմի հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ են նրանք ցանկանում ապահովել անվտանգության երաշխիքներին իրենց մասնակցության առումով», - ասել է Մարկ Ռյուտեն:
Ռուսաստանը առաջնագծի որոշ հատվածներում զորքեր է կուտակում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահն իր հերթին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը առաջնագծի որոշ հատվածներում զորքեր է կուտակում: Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Պուտինն ամեն կերպ հրաժարվում է խաղաղությունից, ապա խոստացել՝ կշարունակեն պատասխանել ռուսական հարվածներին:
«Իհարկե, մենք կարձագանքենք դրանց։ Մասնավորապես՝ ասիմետրիկորեն, որպեսզի Ռուսաստանը հստակ զգա իր անամոթության հետևանքները։ Եվ մենք շարունակում ենք աշխատել գործընկերների հետ՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:
Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոց սահմանել է Մեծ Բրիտանիան՝ իր ցանկում ավելացնելով 11 նոր անձի և կազմակերպության, որոնք առնչություն ունեն «Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսմանն ու վերակրթությանը»:
Այս ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածել ուկրաինական բնակավայրերին, այդ թվում՝ վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների: Կիրովոգրադում վիրավորվել է չորս երկաթուղային: Ռուսական զինուժը հայտարարել է, որ գրավել է Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի «մոտ կեսը», անկախ դիտորդները, սակայն, սա չեն հաստատել:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռոստովի, Բրյանսկի, Կրասնոդարի, Կալուգայի մարզերին: