Մատչելիության հղումներ

Թրամփը զգուշացնում է՝ եթե Պուտինն ու Զելենսկին չհանդիպեն, դա կհանգեցնի ծանր հետևանքների


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացնում է՝ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Պուտինն ու Զելենսկին չհանդիպեն, դա կհանգեցնի ծանր հետևանքների։ Միացյալ Նահանգների նախագահը, սակայն, չի բացահայտել՝ ինչ հետևանքների մասին է խոսքը։

Շաբաթավերջին նա չէր բացառել՝ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե առաջիկա երկու շաբաթներին Ռուսաստանը չդադարեցնի պատերազմն Ուկրաինայի դեմ։

«Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք շտկել այդ պատերազմը։ Մենք դա կանենք։ Չգիտեմ՝ արդյոք նրանք կհանդիպեն. միգուցե կհանդիպեն, միգուցե՝ ոչ։ Նրանք կցանկանային, որ ես լինեի հանդիպմանը։ Ես ասացի՝ «դուք պետք է ինքներդ լուծեք այդ հարցը։ Դա ձեր դաշտում է։ Դա մեզ չի վերաբերում», - նշել է Թրամփը։

Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպմանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱՄՆ նախագահն ասել է, թե Վլադիմիր Պուտինը տատանվում է հանդիպել Զելեսնկիին, քանի որ չի սիրում նրան։

«Տանգոն երկուսով են պարում: Նրանք պետք է հանդիպեն». Թրամփ

Պուտինի հետ Ալյասկայի գագաթնաժողովից և Ուկրաիանայի նախագահի ու եվրոպացի առաջնորդների՝ Սպիտակ տուն կատարած այցից հետո Թրամփը վստահ էր՝ երկու առաջնորդները շուտով կնստեն դեմ առ դեմ բանակցությունների:

«Տանգոն երկուսով են պարում։ Ես միշտ եմ դա ասում։ Եվ նրանք պետք է հանդիպեն, կարծում եմ, նախքան իմ հանդիպումը, և, հավանաբար, գործարքը կավարտեն։ Բայց ես կարծում եմ, որ տեղին է, որ նրանք հանդիպեն։ Նրանք, ինչպես կարող եք հասկանալ, այնքան էլ լավ հարաբերություններ չունեն։ Եվ ես վստահ եմ, որ Պուտինն ուրախ չէր նաև Միացյալ Նահանգներ գալու համար։ Դա մեծ զիջում էր, և ես գնահատում եմ այն փաստը, որ նա արեց դա», - ընդգծել է Դոնալդ Թրամփը։

Պուտինի հասցեին գնահատանքի խոսքեր շռայլելուց հետո ԱՄՆ նախագահը շեշտել է իր՝ Ռուսաստանում ունեցած լավ կապերի մասին. - «Գիտեք, ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել՝ չնայած «կեղծ Ռուսաստան» պատմությանը, որ մենք ունեցել ենք։ Բայց մենք միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել, շատ լավ հարաբերություններ, ամուր հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ի դեպ, դա լավ բան է, ոչ թե վատ բան»։

Կիևը ցանկացած ձևաչափով պատրաստ է Զելենսկի-Պուտին հանդիպմանը

Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր հայտնել է, որ Կիևը պատրաստ է Զելենսկի-Պուտին հանդիպմանը ցանկացած ձևաչափով ու տեղանքում։ Անդրյել Սիբիգան X-ում գրել է ամերիկացի ու եվրոպացի գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։«Ես վերահաստատեցի, որ Ուկրաինան պատրաստ է հաջորդ քայլերին՝ խաղաղության համար։ Մենք պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպումների՝ ցանկացած ձևաչափով և աշխարհագրությամբ։ Մենք պատրաստ ենք վերջ դնել սպանություններին և հնարավորություն տալ դիվանագիտությանը:Մոսկվան պետք է իմանա, որ չի կարող հավերժ ձգձգել։ Եթե Ռուսաստանը շարունակի մերժել խաղաղության ուղղությամբ իմաստալից, կառուցողական քայլերը, ապա պետք է բախվի հետևանքների՝ պատժամիջոցների խստացման և Ուկրաինայի կարողությունների ամրապնդման», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Վաշինգտոնն ու Մոսկվան գաղտնի քննարկումներ են ունեցել. Reuters

Այսօր, ի դեպ, հայտնի դարձավ, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու բանակցությունների ընթացքում գաղտնի քննարկումներ են ունեցել նաև երկկողմ մի քանի էներգետիկ հարցերի շուրջ։ «Ռոյթերս»-ի աղբյուրները հաղորդում են, որ գործարքներն առաջարկվել են որպես խթաններ՝ Կրեմլին խաղաղության համաձայնության գալու և Վաշինգտոնին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու համար։

Ըստ լրատվամիջոցի, քննարկումները տեղի են ունեցել այս ամիս ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում, որի ժամանակ նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ներդրումային բանագնաց Կիրիլ Դմիտրիևին։ Թեման նաև քննարկվել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու հնարավոր գործաքրների մասին խոսել են նաև Թրամփն ու Պուտինը Ալյասկայում դեմ առ դեմ բանակցությունների ընթացքում։

Պաշտոնյաները, ըստ «Ռոյթերս»-ի աղբյուրների, քննարկել են Ռուսաստան Exxon Mobil-ի՝ «Սախալին-1» նավթագազային նախագիծ վերադառնալու հնարավորությունը: Պաշտոնյաները խոսել են նաև Ռուսաստանի կողմից հեղուկ բնական գազի նախագծերի համար ամերիկյան սարքավորումներ գնելու հնարավորությունից։

Գործարքների վերաբերյալ տեղեկություները ո՛չ Սպիտակ տունն է հերքում, ո՛չ Կրեմլը, ո՛չ էլ Exxon Mobil-ը։ Սպիտակ տնից գաղտնի բանակցությունների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել են, թե «Թրամփը և նրա ազգային անվտանգության թիմը շարունակում են համագործակցել ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հանդիպում անցկացնելու նպատակով՝ սպանությունները և պատերազմը դադարեցնելու համար»։

Կողմերը շարունակում են մարտերը

Ուկրաիանյում պատերազմը դադարեցնելու բանակցություններին զուգահեռ կողմերը շարունակում են մարտերը։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են Ղրիմում ռուսական լոգիստիկ օբյեկտների վրա հարվածների մասին։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ այս օբյեկտները ապահովում են ռուսական բանակի զորամասերի գործունեությունն ու մարտական մատակարարումները։ Թե մասնավորապես ինչ օբյեկտներ են հարձակման ենթարկվել, չի հստակեցվում։ Իսկ ռուսական կողմի՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներից Սումիի մարզում երեկ մարդ է տուժել։ Ռուսական հարվածների հետևանքով Շոստկայի շրջանի մի մասն առանց հոսանքի է մնացել։ Մարզի ռազմական ղեկավարը հայտնել է, որ կապի խափանումներ կան, վերականգնման աշխատանքեր են իրականացվում։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG