Վրաստանում ձերբակալվել է երեկվա բողոքի ակցիաների առնվազն հինգ առաջնորդ:
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ ձերբակալվել են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն, Լաշա Բերիձեն:
Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաև բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ, հայտնել է ՆԳՆ-ն: Այդ արարքների համար նախատեսված է մինչև 9 տարվա ազատազրկում:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը «տապալելու» փորձը ձախողվել է, և որ նրանք, ովքեր մասնակցել են դրան, «խստորեն կպատժվեն»:
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ զանգվածային բողոքի ակցիաների կոչերից հետո: Առնվազն 9 ընդդիմադիր ուժ կոչ էր արել բոյկոտել քվեարկությունը:
Ընդդիմությունը հայտարարում էր, որ իրենց նպատակն է վերականգնել ամենօրյա ցույցերը, որոնք սկսվել էին անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումներից և Եվրամիությանը անդամակցության բանակցությունները դադարեցնելու կառավարության հետագա որոշումից հետո: Ընդդիմությունը նաև քննադատում է կառավարության քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, գնալով ավելի բարեկամական է դառնում Ռուսաստանի նկատմամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել է 21 ոստիկան և 6 ցուցարար: