Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, որի բանակն անցած գիշեր 600-ից ավելի անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով նոր հարձակում է իրականացրել՝ սպանելով առնվազն 15 մարդու, այդ թվում՝ չորս երեխա, վնասվածքներ պատճառելով շուրջ 50 անձի։
Սա հուլիսի վերջից ի վեր ամենածանր հարձակումն էր։ Հարվածների հետևանքով վնասվել են նաև Կիևում գտնվող ԵՄ պատվիրակության և Բրիտանական խորհրդի գրասենյակները։
Պայթյուններ են գրանցվել նաև Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումիի շրջանում, ինչպես նաև հարավում գտնվող Դնեպրում և Զապորոժյեում։
«Խաղաղ բնակչության սարսափելի և դիտավորյալ սպանություն։ Ռուսները չեն ցանկանում ավարտել պատերազմը, միայն նոր հարվածներ», -X-ում գրել է Զելենսկին։ Հիշեցնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը մտադիր է Չինաստան այցելել, նախագահ Զելենսկին կոչ է արել Պեկինին արձագանքել ռուսական հարձակումներին:
ՌԴ ՊՆ-ն, մինչդեռ, պնդել է, թե անցած գիշերվա զանգվածային հարձակումների թիրախում են եղել զենքի գործարանները և Ուկրաինայի ռազմաօդային ուժերի բազաները։