Նարեկ Կարապետյանը հայտնեց «Մեր ձևով» շարժման մեկնարկի մասին, որը քաղաքական ուժի հիմքն է լինելու

«Տաշիր գրուպ» ընկերության փոխնախագահ Նարեկ Կարապետյանն այսօր ասուլիսում հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման մեկնարկի մասին: Կարապետյանն ասաց, որ սա ապաքաղաքական կամավոր միավորում է լինելու:

Ըստ Նարեկ Կարապետյանի, որը կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է, «Մեր ձևով» շարժումը կդառնա այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը:

«Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է: Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է», - ասաց «Մեր ձևով» շարժման համակարգողը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի հետ համագործակցություն չի լինելու՝ հայտարարում է Սամվել Կարապետյանի եղբորորդին

Ապա շարժման մասնակիցները սկսեցին ներկայացնել իրենց տեսլականը:

Սամվել Կարապետյանը կալանավորված է հունիսի 18-ից՝ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո՝ իշխանության զավթման կոչի հոդվածով:

Նրա եղբորորդին հավելեց, որ Կարապետյանը լինելու է իրենց գաղափարական առաջնորդը, վերջինիս հետ են համաձայնեցվում իրենց քայլերը:

«Մենք այն ուղով ենք գնում, որը նա նախանշել է», - ընդգծեց Նարեկ Կարապետյանը: