Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգման շուրջ սկանդալները շարունակվում են։ Պետական հուշարձանը կարգի բերելու համար պետական բյուջեից 800 միլիոն դրամ է տրամադրվել, իսկ շինաշխատանք կատարող բանվորները փող չեն ստանում, պնդում է «Ազատության» զրուցակիցը, որ ներկայանալ չցանկացավ։
«Մարդիկ կան, որ վաբշե կոպեկ չեն ստացել։ Մարդ կա 95 հազարի աշխատել է, մի դրամ փող չի տվել։ Ասել են՝ սրա համար միլիարդներ են տրամադրել։ Գոնե մարդու արդար քրտինքը տվեք իրենց», - ասաց նա։
Իր հետ աշխատող յոթ բանվորներն, ասում է, չեն վճարվել մինչև հիմա. «Աշխատողներից մեկը 80 հազար փող ունի ստանալու, չեն տվել, մեկը 95 հազար փող ունի ստանալու, չեն տվել, մեկը 35 հազար փող ունի ստանալու, չեն տվել, մեկը՝ 12 հազար դրամ, ընդ որում՝ երեխա, այնտեղ երեխա էլ է աշխատել, էլի փողը չեն տվել»։
Տղամարդը, որ ամռանն է աշխատել, երբ այստեղ քանդման ակտիվ աշխատանքներ էին, շեշտում է՝ անկազմակերպ իրավիճակ էր, մասնագետ չկա, ում հարցնում ես, աշխղեկ է, և հենց սա է, ըստ նրա, պատճառը, որ հուշահամալիրի անմար կրակը շրջապատող հավերժության տաճարի 12 սյուներից երեքի բազալտները այդպես ջարդուխուրդ են եղել։
«Ու ոնց դուրս էր գալիս, քարը, ասենք, սաղ-սալամաթ քարը մեջից կոտրում էին, կեսը կոտրվում էր, ընկնում, նորից հետո գցում էին ներքև, հետո նորից երկրորդ կեսն էին էլի քանդում», - պատմեց նա:
Անփույթ քանդման աշխատանքների ու փնթի շինհրապարակի մասին բազմաթիվ ահազանգեր եղան։ Ակտիվիստ Արթուր Չախոյանն էլ Ծիծեռնակաբերդի բարձունք հասավ շինարարության պայմանագրային փաստաթղթերով. «Մույթերի թիկնամասերի բոլոր սալաքարերի ապամոնտաժում, անվնաս քարերի համարակալում և պահեստավորում»։
Որ բազալտները ոչ անվնաս են մնացել, ոչ էլ համարակալվել, նորություն չէ։ Նորությունը գումարն է՝ մեկ քառակուսի մետր ապամոնտաժման համար 495 հազար դրամ է նախատեսվել, ըստ Չախոյանի. «Պետությունը, նորից եմ կրկնում, գումար է տալիս այստեղի քարերը հեռացնելու համար, այսինքն ապամոնտաժելու համար։ Նույն քարը, որ ապամոնտաժել են տեղադրելու համար, այսինքն էլ շինարարը քար չի գնում, նույն քարը տեղադրելու համար վճարում են 496 հազար դրամ, ձեռ եք առնո՞ւմ։ Սա ուղղակի թալան է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոչ պրոֆեսիոնալ մարդիկ զբաղվում են չափազանց փնթի վերանորոգմամբ». ի՞նչ է կատարվում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրումՑեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը գումարների մասին ոչինչ ասել չի կարող։ Ինչ վերաբերում է տաճարի սյուներին, մույթերի բազալտներին, սկզբում որոշվել էր, որը վնասված է դրանք փոխել, հետո մտքափոխվեցին. «Եթե փոխեին միայն այդ քարերը, այսինքն, շախմատի նման ինչ-որ մի բան էր ստացվելու։ Այն քարերը, որոնք հանելուց անվնաս են մնացել, դրանք պետք է պահեստավորվեն, իսկ ամբողջ վրայի քարերը բոլորը փոխվելու են»։
Ի դեպ, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար Սաշուր Քալաշյանը «Ազատության» հետ զրույցում ենթադրել էր, որ շինարարները տեղյակ էլ չեն, որ պիտի փորձեն պահպանել քարերը, ավելին՝ համարակալել դրանք։
Իսկ կրթության նախարարն իր վերջին ասուլիսում պնդում էր՝ նախարարությունը ամենախիստ պահանջներն է դնում հուշահամալիրի նորոգման գործում։ Երկու ամիս տևած շինարարությունից, աղմկոտ ահազանգերից հետո նոր «Բիդեք» ընկերությունը կահավորում է շինհրապարակը։ Ժանգոտ ձողերին նորերն են փոխարինում, պատրաստվում են անթափանց թաղանթով վարագուրել տարածքը։ Բուն շինարարությունն այս պահին կասեցված է, ասաց «Բիդեք»-ի ներկայացուցիչ Հովհաննես Եփրեմյանը։
«Այս փուլում կատարվում են շինհրապարակի վերակառուցման աշխատանքներ, քանի որ բոլորդ էլ տեղյակ եք, որ նախորդ շինհրապարակը կառուցված էր, ոչ այդքան պատշաճ էր։ Հիմա պատշաճ հրապարակ է կառուցվում, ուրիշ աշխատանքներ այս պահին չեն ընթանում, մասնագիտական քննարկումներ են գնում, ոչ թե կասեցված է, այլ դադարեցրել ենք աշխատանքները, մինչև մասնագիտական քննարկման արդյունքների համաձայն շարունակվեն աշխատանքները», - նշեց նա։
Այլ հարցերի Եփրեմյանը չպատասխանեց, ասաց՝ ընդամենը մի քանի օր է, ինչ գործի է անցել, ընդունում է՝ խնդիրներ եղել են: Իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենը պնդում է՝ այնպես չէ, որ ահազանգերից հետո շինարարներն սկսեցին ուշադիր ու խնամքով շինհրապարակը կարգի բերել։ Ասում է՝ քամիներն էին այն թափթփված տեսարանը ստեղծում։ Իրենք բոլորը սրտացավ են. «Շատ ուժեղ քամիներ են լինում ու իրականում ինչ-որ մի բան առանց շարժվելու պահել շատ դժվար է»։
Ոչ թե քամին, այլ շինարարը անփույթ լինելու համար երեկ էլ է նկատողություն ստացել։ Կրթության նախարարությունում դարձյալ քննարկման էին հավաքվել, տեղեկացրեց հուշահամալիրի հիմնանորոգման գործը հսկող ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ Նա, ի դեպ, նույնպես փող չի ստանում։ Չվճարողն այս դեպքում ոչ թե «Բիդեք»-ն է, այլ Կրթության նախարարությունը։ Երեկ նախարարությունում լսել է նույն պատասխանը, ինչ բանվորներն են լսում աշխղեկներից՝ «կանենք, կլինի»։