ԱԱԾ տնօրենը վերադարձել է Բաքվից

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը վերադարձել է Բաքվից, այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում էր երկօրյա այցով, որտեղ սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Հայտնի չէ, թե արդյոք այցի ընթացքում ԱԱԾ տնօրենը ադրբեջանական կողմի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը, արդյոք նրանց վիճակի և պահման պայմանների մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն ունեցել է, թե ոչ:

Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում: Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով դատապարտել են ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շուրջ 8 ամիս է՝ շարունակվում է:

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Անցած 3 ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Գերիների պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություն ստանալու որևէ հնարավորություն հարազատները չունեն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերից վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Խաչատրյան. Եթե ԱԱԾ տնօրենը Բաքվում հնարավորություն ունենա, անպայման կտեսակցի հայ գերիներին


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԱԾ տնօրենը երկօրյա այցով մեկնում է Բաքու. ընդդիմության և իշխանության գնահատականը