Ո՞ւր է գնում Հայաստանը վերջին արյունալի պատերազմներից, Արցախի անկումից ու խաղաղության նախաստորագրված պայմանագրից հետո։ Լոռու և Տավուշի մարզերում այս մեկ հարցը բազմաթիվ պատասխաններ ունի։ Ծայրահեղ անհուսությունից մինչև կառավարության նկատմամբ անվերապահ վստահություն:
Հայրենիքի ապագայի շուրջ կարծիքներն այնքան տարբեր են, որ երբեմն թվում է տարբեր երկրների մասին են խոսում մարդիկ։
Լոռու մարզկենտրոնում տարեց կանայք՝ Ջուլետան ու Զալվարդը, պարզ պահանջներ ունեն՝ ջահելների համար աշխատատեղ, մեծերի համար մատչելի դեղեր ու գոնե մի փոքր ավելի բարձր թոշակ։ Նրանց համար խաղաղությունն արդեն փաստ է։
Մի քիչ հեռու 75-ամյա Սենիկ Մելքոնյանը, որ Տավուշի սահմանամերձ Ոսկևանից տեղափոխված վանաձորցի է, այլ մոտեցում ունի։ Նա քննադատում է ռազմական բյուջեն և բանակում ծառայության ժամկետը կրճատելու առաջարկները։ Ասում է՝ վաշինգտոնյան նախաստորագրությունն ու Ալիևի խոստումները դեռևս բավարար չեն ձեռքերը ծալելու համար։
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնում քաղաքապետարանի դիմաց նախկին հեղափոխական ոգևորությունը բառացի բաժանվել է։ Մի մասը հպարտությամբ է ցույց տալիս բարեկարգված ճանապարհները, մյուսները՝ հուսահատ են։
Հաղարծինում ևս կարծիքները կիսված են։ Շուրիկ Ստեփանյանը, որ վարչապետի քեռի ներկայացավ, գանգատվում է, որ արդեն մի քանի օր հեռուստատեսությունն անջատված է։ Պաշտոնական լուրերին չի կարողանում հետևել։ Բայց YouTube-յան ալիքներով Ազգային ժողովի քննարկումներն աչքով ընկել են, տեսել ու գազանանոցի է նմանեցրել։
Հակառակ քննադատություններին նույն Շուրիկը հպարտությամբ է ցույց տալիս իր տուն տանող սալապատված ճանապարհը:
Հաղարծինցի Բավականն ու Արուսը այգուց սալորի ծանր դույլերով էին վերադառնում։ Քաղաքականությունն իրենց բանը չէ, վաղուց արդեն իրենց զրույցների թեմաներից հանել են, ասում է։ Մեկը կարկուտից ջարդված տանիքից, մյուսը հեռվից երեխեքի զանգին սպասելուց է խոսում։