Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանությունից չորս օր անց մեկ ձերբակալված կա՝ Նարեկ Օհանյանը, որին 24 ժամ անց էլ Քննչականը դեռ մեղադրանք չի առաջադրել:
Քննչականն այսօր միայն հաղորդեց, որ Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը: Ըստ իրավապահների, ձերբակալվածը դրանք փորձել է այրել, որ ոչնչացնի հետքերը: Ինչի՞ մեջ են կասկածում Օհանյանին՝ սպանությունները կատարելո՞ւ, թե՞ պատվիրելու համար՝ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր չմանրամասնեց: Օհանյանին մեղադրանք առաջադրելու համար իրավապահները 72 ժամ ունեն:
Չնայած Օհանյանին դեռ մեղադրանք չեն առաջադրել, գործն էլ ամբողջությամբ բացահայտված չէ, Ներքին գործերի նախարարությունում համոզված են՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ոչ թե քաղաքական է, այլ ՝ հաշվեհարդար: Իրավապահներն այն կապում են ամիսներ առաջ՝ փետրվարին համայնքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ, որով անցնում է Վալոդյա Գրիգորյանի եղբայրը:
«Ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ», - ասաց Սարգսյանը:
Your browser doesn’t support HTML5
Վարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ
Երեկ ձերբակալված Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Օհանյան եղբայրները Մերձավանի նախկին վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ազգականներն են: Նարեկ Օհանյանն ամիսներ առաջ հարցազրույց է տվել վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակին», պնդել, որ օրեր առաջ սպանված համայնքապետի՝ Գրիգորյանների գերդաստանն է իր եղբոր սպանության հետևում:
«Հայկական ժամանակը» տեսանյութը հրապարակել էր՝ առաջին պլանում տեղադրելով օրեր առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի լուսանկարը. «Հիմա եմ հասկանում, որ այդ ամենը, տուն ներխուժելու, բնակարան ներխուժելու համար էր, նախապես պլանավորված էր տան վրա հարձակումը, նպատակը պարզ է՝ Մհեր Ախտոյանն էր, քանի որ ես ու եղբայրս էլ առաջիններից ենք եղել, որ թույլ չենք տվել, որպեսզի այդ ներխուժումը կատարվի»:
Ավելի քան 7 ամիս առաջ հարուցված այս գործով, սակայն, սպանության մեղադրանք է առաջադրվել միայն մեկ հոգու՝ Արամ Ղազարյանին: Ինչո՞ւ պետք է Նարեկ Օհանյանը վրեժխնդիր լիներ հենց Փարաքարի համայնքապետից, որի եղբորը այս գործով խուլիգանության մեղադրանք է առաջադրվել. Ներքին գործերի նախարարությունից պնդում են՝ փակագծեր չեն բացի: Խոսնակը միայն վստահեցնում է, թե փետրվարից իրենք տեղյակ են եղել ու հսկել են իրավիճակը երկու համայնքներում, կանխել որոշ միջադեպեր, աշխատանքից ազատել թերացած ոստիկաններին, բայց այսքանից հետո էլ Փարաքարի համայնքապետը սպանվեց: Սարգսյանը, սակայն, չի ընդունում, որ իրենք ձախողել են:
«Վեր են հանվում խնդիրներ և խնդիրների դեպքում տրվում են լուծումներ, մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից ու դրան հետևել են պաշտոնանկություններ, նոր նշանակումներ: Իմ նշած անձինք՝ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը բառացիորեն օրեր է, որ նշանակվել են», - ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը:
Ներքին գործերի նախարարությունը, որ քննությունը չավարտած՝ հերքում է Փարաքարի համայնքապետի սպանության քաղաքական ենթատեքստը, չի մանրամասնում՝ արդյոք հարցաքննե՞լ են բարձրաստիճան պաշտոնյաների: Իրավապահները միայն նշում են՝ ձեռնարկում են միջոցներ արյունոտ միջադեպն ամբողջությամբ բացահայտելու համար:
«Դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ, վստահեցնում եմ, որ եթե պարզվի, որ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը», - ընդգծեց Սարգսյանը:
Ի դեպ, յոթ ամիս առաջ տված հարցազրույցում երեկ ձերբակալված Նարեկ Օհանյանն ասել էր, որ եղբայրը սպանվել է իր իսկ ծննդյան օրը: Պարզվում է՝ Փարաքարի համայնքապետի ուղղությամբ էլ կրակոցները հնչել են նրա եղբոր՝ տնային կալանքի տակ գտնվող Պայքար Գրիգորյանի ծննդյան օրը: