Իսրայելը և Համասը Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ են սկսել Թրամփի ծրագրի պայմանների շուրջ

Պայթյունի հետևանքները Գազայում, հոկտեմբերի 6, 2025թ․

Այսօր Եգիպտոսի իշխանությունների միջնորդությամբ Կահիրեում մեկնարկել են Իսրայելի և «Համաս» շարժման բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններն են, որոնք ներառված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրում։

Բանակցությունների առաջին փուլում նախատեսվում է քննարկել պատանդների ազատ արձակման հարցը։ Եգիպտոս է մեկնել նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Բանակցություններից առաջ Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ «շատ դրական քննարկումներ» են ունեցել «Համաս»-ի և մի շարք երկրների հետ՝ Գազայում պատերազմի դադարեցման և պատանդների ազատման շուրջ։ Նրա խոսքով՝ տեխնիկական խմբերը Եգիպտոսում կշարունակեն աշխատանքը, իսկ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ։

Թրամփի առաջարկած 20-կետանոց խաղաղության պլանը նախատեսում է Գազայում ռազմական գործողությունների դադարեցում՝ «Համաս»-ի կողմից բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց, Իսրայելի կողմից հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատում, իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և Գազայի հատվածում միջազգային կառավարմամբ Խաղաղության խորհրդի ձևավորում։

Ծրագիրը նաև բացառում է «Համաս»-ի մասնակցությունը Գազայի հատվածի ապագա կառավարմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Գազա». Սպիտակ տունը հրապարակել է հակամարտության կարգավորման ծրագիրը