Մոսկվան ցանկանում է շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը. Պուտին

Մոսկվան ցանկանում է շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ չեղարկել է Բուդապեշտում երկու առաջնորդների նախատեսված հանդիպումը: Վլադիմիր Պուտինն ասել է, որ խոսքը ավելի շուտ հանդիպումը հետաձգելու, ոչ թե չեղարկելու մասին է:

«Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ցանկացած բախում, ցանկացած վեճ կամ, առավել ևս, պատերազմ։ Ահա թե ինչու մենք միշտ կողմ ենք եղել և շարունակում ենք կողմ լինել երկխոսությանը», - նշել է Ռուսաստանի նախագահը։

Անդրադառնալով Ուկրաինային ամերիկյան Tomahawk հրթիռներ տրամադրելու հնարավորությանը, որոնցով Կիևը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, Պուտինն ասել է՝ դա լարվածությունը սրելու փորձ է: Այդուհանդերձ, եթե նման զենքերով հարվածեն Ռուսաստանին, ապա պատասխանը շատ լուրջ կլինի։ «Ես նույնիսկ կասեի՝ ջախջախիչ կլինի։ Թող մտածեն դրա մասին», - շեշտել է նա։

Ըստ Պուտինի՝ պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Ռուսաստանի տնտեսության վրա, Թրամփն արձագանքում է

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելով՝ ԱՄՆ-ն ոչ բարեկամական քայլ է արել, հայտարարել է Կրեմլի ղեկավարը՝ հավելելով, որ դրանով ԱՄՆ վարչակազմը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք նոր-նոր են սկսել վերականգնվել: Ամեն դեպքում, պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Ռուսաստանի տնտեսության վրա, վստահեցրել է նա:

«Այո, պատժամիջոցները մեզ համար լուրջ են: Իհարկե, հասկանալի է, որ դրանք որոշակի հետևանքներ կունենան, բայց միևնույն է, էապես չեն ազդի մեր տնտեսական բարեկեցության վրա», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը։

Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ Մոսկվան վերլուծում է Արևմուտքի վերջին պատժամիջոցները և կգործի իր շահերին համապատասխան. «Սա է գլխավորը, մեր գործողությունների հիմնական տրամաբանությունը։ Մենք գործում ենք ոչ թե ուրիշի դեմ, այլ հօգուտ մեր սեփական շահերի։ Հենց դա ենք անելու»:

Թրամփն արձագանքել է պատժամիջոցների ազդեցության մասին Պուտինի հայտարարությանը՝ նշելով, որ այդ մասին կխոսեն վեց ամիս հետո: «Ուրախ եմ, որ նա այդպես է մտածում։ Վեց ամիս հետո կպատմեմ ձեզ այդ մասին։ Տեսնենք, թե ինչպես կստացվի ամեն ինչ», - լրագրողներին ասել է նա։

Հանդիպումը չեղարկվել է, քանզի, ըստ Թրամփի, Պուտինը խաղաղության հասնելու ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրել. Սպիտակ տուն

Սպիտակ տան խոսնակն իր հերթին հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվել է, քանզի, ըստ Թրամփի, Պուտինը խաղաղության հասնելու ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրել: Քերոլայն Լևվիթն ընդգծել է՝ հանդիպում դեռ կարող է տեղի ունենալ, բայց Վաշինգտոնը պետք է վստահ լինի, որ այն արդյունավետ կլինի։

«Կարծում եմ՝ նախագահը և ողջ վարչակազմը հուսով են, որ մի օր հանդիպումը կարող է տեղի ունենալ: Բայց ուզում ենք վստահ լինել, որ այդ հանդիպումը կհանգեցնի շոշափելի, դրական արդյունքի», - ասել է նա։

Ըստ ռուսական «ՌԻԱ» պետական գործակալության՝ Ռուսաստանի նախագահի ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների: Ամերիկյան Axios-ի տվյալներով՝ նա Մայամիում վաղը կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆի հետ:

ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցի շուրջ

Ու մինչ Պուտին-Թրամփ հանդիպումը հետաձգված է, իսկ խաղաղության հեռանկարը՝ անորոշ, ԵՄ առաջնորդները երեկ չեն կարողացել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային օգնելու նպատակով օգտագործելու հարցի շուրջ: Հարցի քննարկումը հետաձգել են մինչև դեկտեմբեր:

Դաշինքը, սակայն, համաձայնել է հաջորդ երկու տարիներին ֆինանսավորել Ուկրաինայի կարիքները, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ասել է, որ Եվրոպական հանձնաժողովին խնդրել են հնարավորինս շուտ առաջարկել տարբերակներ, որպեսզի Ուկրաինան ժամանակին անհրաժեշտ միջոցներ ունենա պաշտպանվելու համար:

«Սա պետք է լուրջ ազդակ լինի Ռուսաստանի համար: Ուկրաինան կունենա անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար նաև մոտ ապագայում», - նշել է Կոշտան։

Զելենսկին հայտարարում է՝ ռուսական ակտիվների հարցը Ուկրաինայի համար կարևոր է

Ուկրաինայի նախագահն էլ ասել է, որ ռուսական ակտիվների հարցը Ուկրաինայի համար կարևոր է, քանզի դրանց մի մասը կարող են օգտագործել զենք արտադրելու համար: Վլադիմիր Զելենսկին, ում ԱՄՆ նախագահն այդպես էլ չհամաձայնեց Tomahаwk հրթիռներ տալ, նաև նշել է, որ ուկրաինական բանակն արդեն տեղական արտադրության մեծ հեռահարության հրթիռներ է օգտագործում:

«Մենք օգտագործում ենք Ուկրաինայում արտադրված հեռահար հնարավորություններ՝ 150 մինչև 3000 կմ հեռահարությամբ։ Եվ սրանք մեր երկրի ամենաթարմ հնարավորություններն են», - ընդգծել է Զելենսկին։

Ռուսական զինուժը գիշերը հարվածել է ուկրաինական մի շարք շրջանների, վաղ առավոտյան էլ Դոնեցկին, նաև Խերսոնին, որտեղ կա երեք զոհ, ավելի քան 20 վիրավոր, Օդեսայում առաջին անգամ կիրառել է կառավարվող ավիառումբեր: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երեք բնակավայր է վերցրել:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Բելգորոդին, մերձմոսկովյան Կրասնոգորսկին, որտեղ անօդաչուն մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, կա հինգ վիրավոր, այդ թվում՝ մեկ երեխա: Ուկրաինական անօդաչուները հարվածել են Տվերում գտնվող 7-րդ հրթիռային դիվիզիայի ռազմական ճամբարին։