Մեկ տարվա ընթացքում 180-ի փոխարեն Ռուսաստանում մնալու 90-օրյա ժամկետից դժգոհ բեռնատարների վարորդներն այսօր կրկին կառավարության առջև էին։
«Խնդրում ու պահանջում ենք 24 ժամվա մեջ մեր հարցին հստակ պատասխան տան։ Ոնց հասկանում ենք՝ մեր խնդիրը այդպես էլ լուծում չստացավ», - հայտարարեց նրանցից մեկը։
Նրանք վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ նամակը հանձնեցին. այն ուղղված էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարներին։
Պնդում են՝ եթե Հայաստանը չկարողանա Ռուսաստանին բացատրել, որ հայ բեռնափոխադրողներն 90 օրվա մեծ մասն անցկացնում են Լարսի հերթերում և անհնար է այդ ժամկետը չգերազանցել, ապա Հայաստանի բոլոր վարորդները շուտով Ռուսաստանից արտաքսված կլինեն երեքից 10 տարվա վերադարձի արգելքով։
«Լուծման տարբերակ ենք առաջարկում, մեր ղեկավարությունը դիմի Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններին, որպեսզի ժամանակավորապես կասեցնեն օրենքի կիրառումը, համենայն դեպս գոնե վարորդների մասով, որովհետև ուղղակի կաթվածահար է անելու մեր արտահանումներն էլ, ներմուծումներն էլ, որովհետև վարորդների մեծ մասը վախենում են մեկնել, եկել են Հայաստան, այլևս չեն ուզում գնալ, իսկ մոտ մի 100 վարորդ էլ արդեն ստացել են մուտքի արգելք», - ներկայացրեց մեկ այլ վարորդ։
Արտաքսումից բացի վարորդները Ռուսաստանում տուգանվում, ձերբակալվում, հաճախ նաև կալանավորվում են, անգամ եթե սահմանված 90-ը գերազանցել են երեք օրով։ Ռուսաստանում միգրացիոն խստացումներն այս տարեսկզբին են ուժի մեջ մտել, ոչ միայն Հայաստանի համար, բայց հայ վարորդները սկսել են ամենօրյա ռեժիմով տուգանվել և արտաքսվել վերջին 1-1.5 ամիսներին, քանի որ շատերը լրացրել են 90 օրը։
Նախորդ ուրբաթ հայ վարորդների հարցը քննարկվել էր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, որին Երևանից մասնակցել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ տեսակապով։ Ըստ պաշտոնական Երևանի, ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում են խնդրի հրատապությունն ու աշխատում են հարցի լուծման ուղղությամբ, և որ Ռուսաստանի պատկան մարմիններում հիմա շրջանառվում է գործող օրենքում փոփոխություններ կատարելու մի նախագիծ։
«Իսկ մինչև այդ ի՞նչ անենք», - հարցնում են հուսահատված վարորդները. «Մինչև հիմա էլ ասենք բերքեր ունեն ժողովուրդը, մենք չենք կարում արտահանենք։ Հա՛մ իրենք են լռվել մնացել, հա՛մ՝ մենք, ինչի՞ համար, 90 օրներս լրացել է։ Բանկային հարցեր ունենք, պիտի աշխատենք, բերենք, վերջը մենք հարկեր, տուրքերն էլ պիտի տանք»։
Բեռնափոխադրողների վարորդներն արդեն երեք շաբաթ է բողոքի ակցիաներ են անցկացնում Կառավարության, Արտգործնախարարության ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև։ Հստակ պատասխաններ չստանալով անցած շաբաթ նրանք փակել էին նաև Հայաստան մտնող չորս սահմանային անցակետերից երեքի ճանապարհ,բայց այս քայլն էլ չարագացրեց խնդրի լուծումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի անցակետեր տանող ճանապարհները«Եթե մենք հիմնավոր պատասխան չենք ստանա, մեր խաղաղ ակցիաները կշարունակվի։ Ինչպես եղավ մի քանի օր առաջ Բագրատաշենի մաքսային անցակետում, Բավրայում, Գոգավանում, մեքենաները կկանգնեն ճանապարհին, բեռնատարները, մենք մարդատար մեքենաների հետ գործ չունենք։ Երբ որ մեր վրացի, կազախ վարորդները, կիրգիզ վարորդները բարձած մտնեն Հայաստան և չկարողանան առաջանալ, միանշանակ զանգելու են իրենց պետություն, որ այսպիսի խնդիր կա, վրացին զանգելու է, կիրգիզը զանգելու է, կազախը զանգելու է, արդեն համատարած մասշտաբային հարց է դառնալու: Հարցի լուծումը ոնց հասկանում ենք այդպես պիտի լինի, մենակ մեզնով հարցի լուծում այս պահին, ոնց հասկանում եմ, չի լինելու», - ընդգծեց հավաքվածներից մեկը։