Բաքուն վերստին Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»։
Ադրբեջանը պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանը բազմից հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևան երկրից:
Իշխանությունները հայտարարել են նոր Սահմանադրություն ընդունելու մասին, սակայն շեշտելով, որ դա չեն անում Բաքվի պահանջը կատարելու համար:
Բայրամովը իր ելույթում պատմական է որակել Վաշինգտոնում գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ TRIPP-ի համար կրկին կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
«TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքով անարգել հաղորդակցությունը, նույնպես կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Այս տերմինի շուրջ իրավիճակը նախորդ շաբաթներին այնքան լարվեց, որ Հայաստանի վարչապետն անգամ հորդորեց Ադրբեջանի նախագահին քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», զգուշացնելով՝ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Ապա խորհրդարանում տվեց «Հորադիզ-Զանգելան» ձևակերպումը՝ «Զանգեզուրի միջանցքով» փոխարինելու իր բացատրությունը։
«Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոթորիկներ «Զանգեզուրի միջանցքի», մութ ամպեր՝ Վարդան Ղուկասյանի գլխին․ անցնող շաբաթը Հայաստանում