Աֆղանստանը և Պակիստանը համաձայնել են պահպանել հրադադարը. Թուրքիայի ԱԳՆ

Աֆղանստանը և Պակիստանը համաձայնել են պահպանել հրադադարը, հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 25-30-ը Ստամբուլում հանդիպումներ են տեղի ունեցել Թուրքիայի, Կատարի, Աֆղանստանի և Պակիստանի մասնակցությամբ՝ կնքված հրադադարի ամրապնդման նպատակով։

Նշվում է, որ իրականացման լրացուցիչ սկզբունքները կքննարկվեն և կավարտվեն նոյեմբերի 6-ին Ստամբուլում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ: Հոկտեմբերի 19-ին Դոհայում կայացած խաղաղության բանակցությունների ժամանակ՝ Աֆղանստանը և Պակիստանը անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության էին եկել: