Անհետ կորածների երկու հարազատ է ձերբակալվել

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, արխիվային լուսանկար

Քննչական կոմիտեն հաստատում է, որ ձերբակալել են երկու հոգու՝ խուլիգանության և վարույթի նախաքննությանը ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով հարուցված վարույթի շրջանակներում:

Այդ անձինք 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներն են՝ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Գևորգյանը:

Շուրջ երկու ժամ հետո Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալվածներից մեկն արդեն ազատ է արձակվել: Գևորգյանին մեղադրանք չի ներկայացվել:

Մեկ շաբաթ առաջ, անհետ կորածների հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրենց տանջող հարցերով՝ որտե՞ղ են իրենց զավակներն ու ի՞նչ է անում պետությունը նրանց որոնելու ու հայտնաբերելու համար: Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվել էր, ծնողները փորձում էին մուտքը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհետ կորած զինծառայողների ծնողները պատասխաններ են պահանջում Պաշտպանության նախարարությունից

Պաշտպանության նախարարության դիմաց ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատներին ընդունել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումից հետո՝ հարազատները պնդում էին, որ իրենց պատասխանները չեն բավարարել, անհետ կորած զինվորների ծնողները նշել էին նաև, որ նախարարության հետ հետագա հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: