Անսպասելի և աննախադեպ՝ հենց այսպես կմնա վարչապետ Սեբիաստիան Լըկորնյուի այսօրվա հրաժարականը Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ:
Մինչ օրս կառավարության որևէ առաջնորդ պաշտոնից չէր հեռացել այդքան արագ ու անակնկալ՝ սեփական կաբինետի ձևավորումից ընդամենը տասնչորս ժամ անց՝ էլ ավելի խորացնելով քաղաքական ճգնաժամը Եվրագոտու երկրորդ խոշորագույն երկրում։
«Այս երկուշաբթի առավոտվա դրությամբ այլևս չկան պայմաններ, որոնք թույլ կտան ինձ կատարել վարչապետի պարտականությունները», - հայտարարել է Սեբիաստիան Լըկորնյուն:
Լըկորնուի կառավարությունն ամենակարճ կյանքն ունեցավ Ֆրանսիայի պատմության մեջ և տապալվեց նախարարական առաջին նիստից ժամեր առաջ։ Գրեթե մեկ ամիս առաջ նշանակված վարչապետը պնդեց՝ արել է հնարավորը, սակայն համագործակցությունից ոչ միայն ընդդիմախոսները, այլև դաշնակիցներն են հրաժարվել: «Ես այս տարի կդառնամ 80 տարեկան, սրա նման բան երբեք չեմ տեսել ․ ամեն մեկն իր մասին է միայն մտածում, ամեն մեկն ուզում է իր ճանապարհն առաջ տանել, սա նորմալ չէ, ամոթալի է անգամ», - ասում է Ֆրանսիայի քաղաքացիներից մեկը:
Ներքաղաքական աննախադեպ այս ճգնաժամը խորանում է անցած տարվանից, երբ նախագահ Մակրոնը լուծարեց խորհրդարանը՝ իր քաղաքական դիրքերն ամրապնդելու հույսով, բայց արդյունքում, հայտնվեց էլ ավելի խոցելի վիճակում։ Խորհրդարան անցած ուժերից որևէ մեկը մեծամասնություն չստացավ, աջերի, ազգայնականների ու կենտոնամետների տարաձայնություններն էլ ստիպեցին մեկ տարում երեք վարչապետի հրաժարական տալ։ Լըկորնյուի այսօրվա վերջին խոսքը հնչեց պատգամի նման. «Պետք է երկրիդ շահը վեր դասես կուսակցությունիցդ, և կարողանալով լսել աջակիցներիդ՝ միաժամանակ, մշտապես մտածես Ֆրանսիայի ժողովրդի մասին։ Շնորհակալություն, շնորհակալ եմ Ձեզ...»:
39-ամյա Լըկորնյուն անցած գրեթե մեկ տարում Ֆրանսիայում հրաժարական ներկայացրած արդեն երրորդ վարչապետն էր և վեցերորդը՝ 2022-ից ի վեր
Վիճակագրություն, որ շոկի է ենթարկել ոչ միայն երկրի ներքաղաքական դաշտն, այլև ազդել տնտեսության վրա ու հանգեցրել Եվրամիության արժույթի կտրուկ անկման։ Լըկորնյուի հայտարարությունից անմիջապես հետո եվրոն 0,7 տոկոսով արժեզրկվեց, ֆրանսիական ֆոնդային բորսան՝ Պաղի սե ա սեն-ի ցուցանիշը նվազեց միանգամից 2% ով, բանկային բաժնետոմսերը՝ 4-5%:
«Շատ անկայուն վիճակ է և դա սթրես է ստեղծում, անհանգստություն է առաջացնում հանրության շրջանում։ Մենք ստիպված ենք լինելու իսկապես նստել, մտածել և համատեղ խորհրդակցել, որպեսզի կարողանանք, պարզ ասած, ճիշտ որոշումներ կայացնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար», - ասում է քաղաքացիներից մեկը:
Լըկորնյուի՝ իրավիճակից դուրս գալու փորձերը, փաստացի տապալվեցին, երբ նա կառավարությունը ձևավորլեիս նախապատվություն է տվել իր նախորդի՝ Ֆրանսուա Բայրուի կադրերին: Էկոնոմիկայի նախկին նախարարը դարձել էր Պաշտպանության նախարար, Էներգետիկայի ու արդյունաբերության նախկին նախարարը՝ Էկոնոմիկայի, Արտաքին ու ներքին գործերի նախարարներն էլ վերանշանակվել իրենց պաշտոններում։ Արդյունքում, նոր կաբինետից դժգոհ էին մնացել թե՛ աջերը, թե՛ ձախերը։ Հիմա երկու թևն էլ պնդում է՝ կենտրոնամետ նախագահ Մակրոնը կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Այս ֆարսը պետք է արագ ավարտվի, - X-ում գրել է ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը։
Անցած ամիսներին նախագահ Մակրոնը, որի պաշտոնավարումն ավարտվելու է 2027-ի մայիսին, բազմիցս է բացառել թե՛ հրաժարականի, թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակները։ Այսօր Ելիսեյան պալատը միայն մեկ՝ սեղմ հաղորդագրություն է տարածել, թե նախագահն ընդունել է Լըկորնյուի հրաժարականը։ Ինքը՝ Մակրոնը, դեռ չի խոսել։ Տեղական BFM հեռուստաընկերությունը միայն ցուցադրել է կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է նա ինչ-որ մեկի հետ հեռախոսով զրուցելով միայնակ քայլում Սեն գետի ափով։