Անվտանգություն՝ կարգալույծ քահանային, «անգործություն՝ Մայր Աթոռի բողոքի դեպքում»

Քննչական կոմիտեն, որ մերժել է քննել Հովհաննավանքի զավթման մասին հաղորդումը, անվտանգություն է տրամադրել Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված քահանային:

«Մենք գիտենք, որ իրենք բան չեն անելու, անկեղծ գիտենք, բայց, դա անելու ենք, թող ով ուզում է լինի պաշտոնատար անձ, թող ինքը իմանա, որ հակառակ բանն արեց, ինքը պատասխան է տալու, բոլորը պատասխան են տալու, ով խառնվել է էս ապօրինությանը, թող մերժեն, թող անտեսեն, թող անտարբեր գտնվեն, իրենց գործն է», - ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Քննչականից չեն պարզաբանում, թե այդ ի՞նչ քրեական վարույթի շրջանակում են պաշտպանում Ստեփան Ասատրյանին՝ նախկին քահանա Տեր Արամին, ումի՞ց են նրան պաշտպանում՝ այս հարցին ևս պատասխան չկա: Այսօր Քննչականի ղեկավար Արթուր Պողոսյանը միայն հաստատեց, որ քրեական վարույթ չեն հարուցել և մերժել են Մայր Աթոռի փաստաբանի դիմումը:

«Այդ հաղորդումը սահմանված կարգով ընթացք է տրվել, որքան տեղյակ եմ՝ վարույթ չի նախաձեռնվել», - ասաց Արթուր Պողոսյանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը մի քանի հաղորդում էր ներկայացրել: Ընդգծել էր, որ եկեղեցուն պատկանող տարածքը զավթված է, իսկ դրա պատասխանատուն բարձրաստիճան ոստիկաններն ու վարչապետն են: Հիշեցրել էր, որ հենց իրավապահների աչքի առաջ ու թողտվությամբ են խոչընդոտել իր ու Հովհաննավանք գնացած օրինական քահանաների տեղաշարժը, Մայր Աթոռին արգելել մտնել իր իսկ տարածք պատարագ մատուցելու՝ անգամ սեփականության վկայականը ոստիկաններին ցույց տալուց հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանական զորքը հսկում է Հովհաննավանքը և կարգալույծ քահանայի տունը. ի՞նչ են կանխում ու ինչի՞ց են զգուշանում

Մինչդեռ, նույն ոստիկանների պահպանության ներքո նույն պահին եկեղեցում պատարագ էր անցկացնում կարգալույծ քահանան, որի ձեռքից էլ վարչապետ Փաշինյանը հաղորդություն էր ստացել:

«Մենք ասում ենք, որ եկեղեցու գործունեությանը խոչընդոտվել է, եկեղեցու գործունությունը դրսևորվում է իրեն պատկանող, նաև եկեղեցու միջոցով ծեսեր կատարելուն: Հիմա բռնազավթման միջոցով եկեղեցին չի կարողանում իր գործունեությունը տարածել Հովհաննավանքում: Սա անվիճելի փաստ է», -ըստ փաստաբանի, քննչականը շրջանցել է իր հաղորդման մեջ նշած խախտումները, չի ընդունել, որ հանցագործություն է կատարվում, ավելին՝ գրել են, թե փաստաբանը եկեղեցու ներխուժումը կանխելու համար դիմել է ոստիկանություն, թող նրանք էլ զբաղվեն այդ հարցով: Ներքին գործերի նախարարությունը, սակայն, շաբաթներ շարունակ լուռ է, Զոհրաբյանը դեռևս պատասխան չի ստացել: Փաստաբանի խոսքով.

«Ես այդ դիմումը ներկայացրել եմ, ընդ որում, տարածքային բաժին էլ եմ ներկայացրել, Աշտարակի ոստիկանության էլ եմ ներկայացրել, մինչև հիմա դրա պատասխանը չունեմ։ Դիտավորյալ, անգործություն են դրսևորում, թող դրսևորեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են». Մայր Աթոռ

Ինչո՞ւ ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում Հովհաննավանքի սեփականատիրոջը՝ Մայր Աթոռին վերադարձնելու իր տարածքն ու այն ազատելու Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված քահանայից, այս հարցը մնում է անպատասխան: «Ազատությունը» հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն:

Չնայած ներկայացրած բողոքներին՝ Արա Զոհրաբյանն ի սկզբանե ակնկալիք չուներ, որ իրավապահները դրան ընթացք կտան:

«Այս պայմաններում անպաշտպան ենք: Ցավալի է, բայց ես իմ մասնագիտական տարիների ընթացքում այս աստիճանի անարդարության զգացում չեմ ունեցել: Ու ակնհայտ օրը ցերեկով սպիտակին սև ասել ու անպաշտպան թողնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, իրոք դատապարտելի է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը կրկին մասնակցեց կարգալույծ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայր Աթոռում տոնում են կաթողիկոսի գահակալության տարեդարձը

Մինչ այս, պետության կողմից պաշտպանություն ստացած կարգալույծ քահանան արդեն երկրորդ կիրակին վարչապետի ու մյուս իշխանականների մասնակցությամբ պատարագ է մատուցում ու հայտարարում՝ Հովհաննավանքից ոչ մի տեղ չի գնալու, ընդգծում. «Չենք պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը»

Եկեղեցուց հեռացված, բայց վարչապետի հովանավորությունը վայելող Ստեփան Ասատրյանի ձեռքում են շարունակում մնալ Հովհաննավանքի ու Մայր Աթոռի՝ իրեն տրամադրած տան բանալիները, իսկ ոստիկանությունը շարունակում է հսկել վանքի տարածքը, որ, ինչպես պնդում են, բախումներ չլինեն: Օրերս Ներքին գործերի նախարարն ասել էր, թե Հովհաննավանքում շարունակում են պահպանել հասարակական կարգը: