Արսեն Ղուկասյանի փաստաբանն ահազանգում է՝ պաշտպանյալի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ

Չնայած փաստաբանի ահազանգին, թե բանտում իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում, ոչինչ չի փոխվում, 44-օրյա պատերազմում անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը շարունակում է կալանքի տակ մնալ։

«Շարունակում եմ պնդել, որ Արսեն Ղուկասյանի ունեցած հիվանդությունները անհամատեղելի են նրա կալանքի հետ։ Ես նաև տեղեկություններ եմ ստացել, որ Արսեն Ղուկասյանը կալանքի կրման պայմաններում առողջական նոր խնդիրներ է ձեռք բերել։ Իր ունեցած սրտանոթային հիվանդություններով պայմանավորված այնտեղի խոնավ վիճակը նպաստել է թոքերի, բրոնխների հետ կապված խնդրի զարգացմանը», - ասում է Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Ղուկասյանը 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատների բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից է: Նա էլ իր եղբոր որդուն է փնտրում: Եղբայրն էլ նույն պատերազմում զոհվել է: Վերջին ակցիան սեպտեմբերին Պաշտպանության նախարարության մոտ էր, որից հետո կալանավորվեց: Ոստիկանների հետ քաշքշուկ էր եղել. օրեր անց Ղուկասյանին կալանավորել են խուլիգանություն կատարելու հոդվածով:

Ղուկասյանի փաստաբանն ընդգծում է. «Իրենք իրենց միջնորդություններում նշում են, որ ինքը բազմաթիվ անգամ կազմակերպում է այսպիսի հավաքներ ու միշտ ակցիաներով պահանջում է պատասխաններ, որպեսզի այս ամենը սահմանափակեն, որոշեցին, որ հենց ինքն է առանցքային դերակատարը ու իրեն անհրաժեշտ է լռեցնել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհետ կորած զինծառայողների ծնողները պատասխաններ են պահանջում Պաշտպանության նախարարությունից

«Քաշքշուկի ժամանակ Արսեն Ղուկասյանը որևէ մեկին չի հարվածել, պարզապես իր ձեռնափայտն օդում ճոճելով՝ մոտեցել է քաշքշուկի մասնակիցներին, ոստիկանները ցուցմունքներ են տվել, թե վտանգ են զգացել, երբ նա մոտեցել է իրենց», - ասում է պաշտպան Տաթևիկ Սողոյանը: Ու նրան այս ցուցմունքների հիման վրա կալանավորել են: Պաշտպանի ապացույցները, որ առողջական բազմաթիվ խնդիրներ ունի ու բանտը վտանգավոր է նրա կյանքի համար, դատարանը հաշվի չի առել:

Փաստաբանի խոսքով. - «Փաստացի ստացվեց մի իրավիճակ, որ դատաբժշկական փորձաքննությունը չի կարողանում իր ավարտին հասցվել, որովհետև քննիչի նշանակած փորձաքննությանը ի պատասխան քննիչն ասել է, որ ես այլևս վարույթի տերը չեմ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր ձայնը չի կտրվի». անհետ կորածների հարազատները պահանջում են ազատ արձակել բախտակցին

Փաստաբանը միջնորդությամբ՝ Ղուկասյանի որդեկորույս մայրն էլ նամակով դիմել են Գլխավոր դատախազություն, որ նրան անհապաղ ազատ արձակեն: Բայց դատախազությունը մերժել է: Քննությունն էլ արագ ավարտել են ու գործն ուղարկել դատարան, ինչը նշանակում է, որ այս փուլում դատաբժշկական փորձաքննություն էլ հնարավոր չէ: Դժգոհում է պաշտպանն ու շեշտում. «Մերժվեց մեր միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և, ըստ էության, նույն այդ հրահանգով խոչընդոտվեց դատաբժշկական փորձաքննության պատշաճ իրականացումն ու եզրակացության տրամադրումը այս վարույթի ավարտով։ Վարույթը ավարտեց քննիչը և հիմա, փաստացի, այդ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը կախված է օդում, որովհետև չի կարող վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացնել, որ պետք է Արսեն Ղուկասյանին տեղափոխել հիվանդանոց»։

«Սիրտը 18-20 տոկոս է աշխատում, ես ո՞նց հանգիստ նստեմ», - ասում է Ղուկասյանի մայրը

Արսեն Ղուկասյանը պատերազմից առաջ ու հետո երկու ինֆարկտ է ստացել, քրոնիկ բարձր ճնշում ունի, սիրտը ստենտավորել են: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ են արձանագրել՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ, շեշտում է Տաթևիկ Սողոյանը։ Բժշկական ցուցումներով՝ Ղուկասյանը պետք է լինի բժշկի մշտական հսկողության տակ. «Աստված մի արասցե, իր առողջությանը պատճառված որևէ անդառնալի հետևանքի բեռը կրելու է այս պետությունը», - ասում է փաստաբանը։

Երեք շաբաթվա ընթացքում պաշտպանյալի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, կասկածներ ունեն՝ բրոնխիտ է զարգացել: Տաթևիկ Սողոյանի խոսքով. «Մարդը ունենում է պարբերաբար շնչահեղձություններ ու այս պայմաններում շարունակվում է փաստացի խոշտանգվել»։

Մի քանի օրից կլրանա կալանքի ժամկետը: Կերկարաձգեն, թե՞ ազատ կարձակեն: Դատարանը վաղը կորոշի: Արսեն Ղուկասյանի մայրը հույս ունի, որ դատավորը գոնե այս անգամ հաշվի կառնի որդու առողջական խնդիրները:

«Իր սիրտը 18-20 տոկոս է աշխատում, ես ոնց կարող եմ հանգիստ նստել, իմ երեխան մի օր ավելի կալանավայրում մնալ», - ասում է Ղուկասյանի մայրը։

Մարիամ Վարդանյանը վստահ է՝ որդուն անհիմն են կալանավորել, հրահանգ են կատարել: Պնդում է՝ որևէ մեկի նկատմամբ բռնություն չի կիրառել, բայց բանտում են պահում՝ անտեսելով առողջական բազմաթիվ խնդիրները. «Որդիս զոհված, թոռս՝ անհետ կորած, էդ տուժված մարդկանց նկատմամբ էդ ձև դաժան, անխիղճ, անարդար վերաբերմունք կարելի՞ է դրսևորել», - ասում է Արսեն Ղուկասյանի մայրը։