Արտահերթ ընտրությունների կոչեր Ֆրանսիայում

Էմանյուել Մակրոն և Սեբաստիեն Լըկորնյու, արխիվ

Արդյո՞ք անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները. վերջին երկու օրերին՝ վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի անակնկալ հրաժարականից հետո ամենից հաճախ հնչող հարցը Ֆրանսիայում հենց սա է։

Նախագահ Էմանյուել Մակրոնն արդեն երրորդ օրն է ինչ կառավարական ճգնաժամը հաղթահարելու հուսահատ փորձեր է ձեռնարկում։ Նրա վերջին հույսը հրաժարական ներկայացրած վարչապետն է, որին Մակրոնը խնդրել է պաշտոնը լքելուց առաջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, այն հույսով, որ դրանց ընթացքում գուցե հնարավոր լինի ինչ-որ լուծում գտնել։

Լըկորնյուն այսօր ամփոփեց այդ խորհրդակցությունների առաջին արդյունքները՝ զգուշավոր լավատեսական տոնայնությամբ։

«Որոշակի դրական զարգացումներ առկա են։ Մասնավորաբար, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց ղեկավարների հետ ես հանդիպել եմ երեկ, միակարծիք են՝ Ֆրանսիայի նոր բյուջեն պետք է հաստատվի մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս որոշակիորեն հետաձգել խորհրդարանի լուծարման հեռանկարը», - հայտարարում էր Լըկորնյուն։

Չնայած հրաժարական ներկայացրած, բայց դեռևս պաշտոնավարող վարչապետի պնդումներին, ֆրանսիական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որոնց համաձայն Ելիսեյան պալատն արդեն իսկ տեղական իշխանության ղեկավարներին՝ պրեֆեկտներին հանձնարարել է պատրաստ լինել նոյեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Ըստ այս տեղեկությունների՝ ընտրությունների առաջին փուլը կարող է նշանակվել նոյեմբերի 16-ին, երկրորդը՝ դրանից մեկ շաբաթ անց՝ 23-ին։

Քաղաքական դաշտի մի զգալի հատվածի համոզմամբ էլ՝ ճգնաժամը երկրում այն աստիճան է խորացել, որ հանգուցալուծումը կարող են լինել ոչ թե նոր խորհրդարանական, այլ՝ նախագահական ընտրությունները։ Այս մասին խոսում են անգամ Մակրոնի երբեմնի թիմակիցները։ Նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն, օրինակ, վստահ է՝ ներքաղաքական ճգնաժամը պետք է երկու փուլ ունենա՝ նախ՝ 2026 թվականի բյուջեի հաստատում, ապա՝ նոր ընտրություններ։

«Ես նախագահի անհապաղ և պարտադրված հրաժարականին դեմ եմ։ Դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Բայց ես կարծում եմ, որ Մակրոնը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և պատվաբեր մի քայլի գնա՝ նախևառաջ նոր վարչապետ նշանակի, որի գլխավոր գործը պետք է դառնա նոր բյուջեի ընդունումը, իսկ բյուջեի ընդունումից անմիջապես հետո նախագահը պետք է հրաժարական տա», - հայտարարում էր նախկին վարչապետը։

Բայց նույնիսկ Մակրոնի աջակիցները վստահ չեն, որ նախագահը կդիմի առաջին հայացքից խիստ տրամաբանական թվացող այս քայլերին։ 2024-ի հունվարից սեպտեմբեր ամիսներին վարչապետ աշխատած նախագահի թիմակից Գաբրիել Ատալն առաջինն էր, որ համարձակվեց հրապարակայնորեն քննադատել Մակրոնի կայացրած որոշումները։

«Կասկած չկա, որ երկիրը բավական ծանր վիճակում է հայտնվել։ Եվ եթե անկեղծ լինեմ, ապա պետք է խոստովանեմ, որ հանրապետության նախագահի կայացրած որոշումներն ինձ համար այլևս հասկանալի չեն», - TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարում էր Ատալը։

Դատելով վերջին օրերին Ֆրանսիայում անցկացված սոցհարցումների արդյունքներից՝ երկրի բնակչության մեծ մասը նույնպես չի հասկանում թե որն է Էմանյուել Մակրոնի վերջնական նպատակը։ Figaro պարբերականի պատվերով անցկացված հետազոտության համաձայն՝ ֆրանսիացիների 70 տոկոսը կողմ է Մակրոնի հրաժարականին։ Հարցվածների 57 տոկոսը վստահ է՝ ներքաղաքական ճգնաժամի գլխավոր մեղավորը հենց Մակրոնն է։

Ֆրանսիացի սոցիոլոգների պնդմամբ՝ նախագահական նոր ընտրությունների կողմնակիցները գերակշռում են թե՛ ձախերի և թե՛ աջերի շրջանում։

«Բնակչության 80 տոկոսը վստահ է՝ վերջին երկու տարիներին արդեն հինգերորդ վարչապետի հրաժարականից հետո արմատական լուծումներ են անհրաժեշտ», - նշում են հետազոտության հեղինակները՝ արձանագրելով, թե հարցվածների միայն 20 տոկոսն է, որ արտահայտվում է ճգնաժամի հաղթահարման ավելի մեղմ տարբերակի՝ նոր վարչապետի նշանակման և նոր կառավարության ձևավորման օգտին։

Բայց անգամ եթե հնարավոր լինի նոր կառավարություն ձևավորել, չկա որևէ երաշխիք, որ այն վստահության քվե կստանա խորհրդարանում։ Ֆրանսիայի Ազգային ժողովում խոշորագույն խմբակցությունն ունեցող ուժի՝ «Ազգային միավորման» նախագահ Մարին Լը Պենը, ըստ France-Presse գործակալության, այսօր զգուշացրել է՝ Մակրոնի կողմից առաջադրված վարչապետի որևէ թեկնածու իր ղեկավարած կուսակցության պատգամավորների քվեները չի ստանա։

Ինչպե՞ս են Մակրոնն ու Լըկորնյուն պատկերացնում ելքը ստեղծված փակուղուց։ Չի բացառվում, որ այս հարցի պատասխանը հնչի արդեն մի քանի ժամից։ Այսօր, երբ Երևանում արդեն ուշ երեկո լինի, Ֆրանսիայի հեռացող, բայց դեռ վերջնականապես չհեռացած վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հյուրընկալվելու է France 2 հեռուստաընկերության եթերում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայում փորձում են հաղթահարել կառավարական ճգնաժամըՖրանսիայի նորանշանակ վարչապետը հրաժարական է տվելՖրանսիայում հակակառավարական բողոքի ցույցեր ենՖրանսիայի նոր վարչապետ է նշանակվել պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն