Դամասկոսը ցանկանում է լիակատար պաշարման մեջ առնել Հալեպի երկու թաղամաս, պնդում է ՍԴՈւ-ն

Սիրիացի քրդերի զինված ջոկատները միավորող «Սիրիական դեմոկրատական ուժերն» այսօր հայտարարել են, որ պաշտոնական Դամասկոսը ցանկանում է լիակատար պաշարման մեջ առնել Հալեպի քրդաբնակ Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիյե թաղամասերը։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը՝ նշելով, որ այսօր տարածած հայտարարության մեջ սիրիացի քրդերը հենց կառավարական ուժերին են մեղադրել երեկ տեղի ունեցած բախումների համար։

«Կառավարական բանակը տանկերի և զրահամեքենաների օգնությամբ գրոհել է բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Հարձակման ընթացքում կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր և ականանետեր»,- հայտարարել են սիրիացի քրդերը։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, թե փողոցային մարտերը Հալեպում սկիզբ են առել այն բանից հետո երբ, «Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակվել են խաղաղ բնակիչների վրա»։

«Այս պահին կառավարական բանակի և սիրիացի քրդերի միջև հրադադար է հաստատվել»,- հաղորդում է թուրքական Hurriyet-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հալեպում կրկին բախումներ են գրանցվել, կողմերը համաձայնել են հրադադար հաստատել