«Սկսվում է Հայաստանի վերակառուցման շարժումը». Նարեկ Կարապետյան

Ազատության հրապարակում մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ու հոգևորականների:

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարեց. «Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը»:

Կարապետյանը շարունակեց. «Մեր պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական: Մենք հետևողական գնալու ենք առաջ. ինչքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան հետևողական էլ մենք կպաշտպանենք մեր եկեղեցին, ինչքան հետևողական փորձեն ինչ-որ ձև թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այդքան հետևողական էլ մենք ցույց կտանք մեր ուժն ու միասնականությունը»:

Հանրահավաքից հետո Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով հասան ԱԱԾ շենքի առջև՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված Սամվել Կարապետյանին:

Այստեղ հայտարարվեց, որ «Մեր ձևով» շարժումը առաջիկայում նախատեսում է ուխտագնացություն դեպի Էջմիածին, ինչպես շարժման անդամները նշեցին՝ «այդպիսով ցույց կտան որ եկեղեցին միայնակ չէ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոգևորականներին գաղտնալսե՞լ են. նոր զարգացումներ Մայր Աթոռի շուրջ, նոր քրեական վարույթ

Օրեր առաջ Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը: Այս որոշումը կայացրեց հակակոռուպցիոն դատարանը երկու օր ձգված քննության արդյունքում։ Դատարանն, ըստ էության, մասնակի բավարարեց երկու ամսվա կալանք պահանջող Քննչական կոմիտեի միջնորդությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարապետյանի կալանքի երկարաձգումն առնչվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածին. տնտեսական հոդվածներով մեղադրանքը դատարանը չհաստատեց

Կարապետյանի աջակիցներին ու լրագրողներին փաստաբան Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ չնայած դատարանն ազատ չարձակեց Կարապետյանին, բայց կարևոր շեշտադրում արեց. այն է՝ Կարապետյանին վերագրվող հարկերը, տուրքերը չվճարելու ու փողերի լվացման հոդվածներով մեղադրանքը չի հատել կասկածի շեմը. սա նշանակում է, որ դատավորն այս երկու տնտեսական հոդվածներով մեղադրանքը հաստատելու անգամ կասկածներ չի հայտնաբերել:

Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև փողերի լվացման համար: