Բարձրաստիճան հոգևորականները դատապարտում են իրավապահների գործողությունները Արագածոտնի թեմում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Այսօր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել նախօրեին Արագածոտնի թեմում իրավապահ մարմինների գործողություններին՝ դատապարտելի որակելով դրանք:

Այդ կապակցությամբ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մասնավորապես ասված է.

«Վրդովմունքով տեղեկացանք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահ համակարգի ներկայացուցիչները թեմի Առաջնորդի, հոգևոր սպասավորների և աշխարհական աշխատակիցների նկատմամբ իրականացրել են ապօրինի գործողություններ, որոնք ուղեկցվել են բացարձակապես չպատճառաբանված ու անհիմն խուզարկություններով, խաբեությամբ բերման ենթարկելու, բերման ենթարկված անձանց գտնվելու վայրերը ծածուկ պահելու, փաստաբանական աջակցություն ստանալու հնարավորությունից զրկելու հակաօրինական դեպքերով։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նույն ամոթալի ոճով կալանք է կիրառվել Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Տ․ Գարեգին քհն․ Արսենյանի նկատմամբ, կալանքի միջնորդություն է ներկայացվել թեմի գլխավոր հաշվապահի վերաբերյալ։

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը, թիրախավորելով եկեղեցականներին և իշխանական լծակների չարաշահմամբ՝ բռնաճնշումներ և վարկաբեկիչ գործողություններ իրականացնելով հոգևոր սպասավորների և Եկեղեցու աջակիցների նկատմամբ»:

«Ցավալի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետը, որ տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, բացահայտ ոտնձգություններ կատարում Եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ըստ այդմ էլ այս ակնհայտ ոչ իրավական քրեական գործընթացների քաղաքական բնույթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապես հաջորդում են վարչապետի՝ Հայոց Եկեղեցին թիրախավորող հայտարարություններին։

Մեր կոչն է ՀՀ դատական և իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում և տուրք չտալ պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին», - հայտարարում են եպիսկոպոսները՝ հավելելով. - «Պետական լծակները պետք է ծառայեն բացառապես ազգային անվտանգության, հանրային համերաշխության և բարօրության կարևորագույն նպատակներին և ոչ թե դառնալով հաշվեհարդարի գործիք՝ առաջ բերեն ներազգային թշնամանք ու պառակտում»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռից պնդում են՝ «բացեիբաց ճնշումներ են», վարչապետը վստահեցնում է՝ «Եկեղեցու վրա հարձակում չկա»Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեցԸստ իշխանականների՝ իրավապահները հոգևորականներին հետապնդելու ցուցում չեն ստացել, ընդդիմադիրները հակառակն են պնդումՏեր Արամը հերքում է իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ զարգացումներինԱրագածոտնի թեմում գործողություններն իշխանությունների «հակաեկեղեցական արշավի» դրսևորումն են. Մայր աթոռԱրագածոտնի թեմի առաջնորդը չի ընդունում մեղադրանքը. ինչ է հայտնի եկեղեցականների ձերբակալությունից հետոԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվելՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արագածոտնի թեմում խուզարկություններից. կա 3 ձերբակալվածԲերման ենթարկված 10 հոգևորական, Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը ժամեր անց հայտնի դարձավ