Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվեց:
Նա մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
«Ասում են՝ ապօրինի հավաքներին հարկադրել եք, որպեսզի մասնակցեն՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, բայց դա չի վերաբերվում մասնավոր անձին, դա ուղղակի չի վերաբերվում։ Ավելին՝ այդ հարկադրանքի փաստն էլ չկա, ուղղակի չկա, նույնիսկ Տեր Արամի ցուցմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել է և այլն, նման բան էլ չկա։ Այս տեսակետից չկա ընդհանրապես հանցագործություն», - ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունում: Փաստաբանը թեև նշեց, որ եղել են ցուցմունքներ, նաև կալանքի միջնորդության մեջ է քննիչը պնդել, թե 2021-ի ընտրությունների ժամանակ սրբազանը հոգևորականներին ասել է, որ «ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլ Փաշինյանից»։
«Տեսեք, եթե նույնիսկ նման բան ասվեր պայմանականորեն, ուրեմն դա կոչվում է քարոզչություն։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է քարոզչությունը՝ որևէ թեկնածուի օգտին քվեարկել կամ քվեարկությունից զերծ մնալուց համոզելն է։ Հետևաբար, եթե նույնիսկ ընդունենք պայմանականորեն, որ այդ բառերը եղել էին, դա կոչվում է քարոզչություն, չի կոչվում հանցագործություն», - հավելեց փաստաբանը:
Երեկ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը հերքել էր, թե ինքը որևէ ցուցմունք է տվել։
Քննչական կոմիտեն քրեական վարույթը հարուցել էր հենց Տեր Արամի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հայտարարության հիման վրա, որտեղ նա պնդել էր, թե իրենց հարկադրել են մասնակցել 2021-ի ընդդիմության հանրահավաքներին։
Զոհրաբյանը չմանրամասնեց, թե ովքեր են ցուցմունք տվել, միայն ասաց, որ նրանք հոգևորականներ են:
Փաստաբանները վստահ են, որ իշխանությունն այս կալանքի միջոցով պարզապես պատժում է Մկրտիչ սրբազանին, ով Ամենայն Հայոց կաթողիկոսի քրոջորդին է: Արա Զոհրաբյանը վստահ է՝ օղակն էլ ավելի է սեղմվելու, և իշխանության քայլերը ուղղվելու են դեպի Մայր աթոռ։
«Վերջում սրբազանն ասաց հետևյալ խոսքերը․ «Լավատես չեմ, ես գիտեմ, հիմա առավոտյան արդեն վեցն է, դուք բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն»։ Մկրտիչ սրբազանի վերջին խոսքը դա էր։ Այսինքն՝ ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ», - նշեց Արա Զոհրբյանը։
Մկրտիչ սրբազանից բացի, ձերբակալված են նաև Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը և Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահը։ Վերջինիս վերագրվում է հափշտակության մեղադրանք։
«Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով որպես Մկրտիչ սրբազանին օժանդակելու։ Այսինքն՝ նույն աբսուրդային վիճակը գտնվում է նաև իրենց գործում, և գլխավոր հաշվապահն է ձերբակալված, պետք է ներկայացվի կալանքի, այսօր նաև քննարկվելու է գլխավոր հաշվապահի կալանքի հարցը։ Մյուս հոգևորականները բոլորը ազատ են արձակված, այսինքն՝ չեն ձեռք բերել մեղադրյալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է», - հայտնեց նա՝ հավելելով, որ բողոքարկելու են որոշումը:
Երեկ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի հոգևորականների տներում, 12 և ավելի հոգևորականներ բերման էին ենթարկվել, նրանց մի մասի տեղը մինչև վերջին պահն անհայտ էր, այդ թվում՝ Մկրտիչ եպիսկոպոսի: Միայն օրվա ավարտին հայտնի դարձավ, որ իրավապահները նրան պահում են կենտրոնի Քննչական կոմիտեում: Ընդ որում, այդ մասին ոչ թե Քննչական կոմիտեն էր հայտնել փաստաբաններին, այլ Մարդու իրավունքների պաշտպանը: Ժամեր շարունակ փաստաբանները զրկված էին իրենց պաշտպանյալներին տեսակցելու հնարավորությունից:
Մայր աթոռ սուրբ Էջմիածինն այս գործողությունները որակել է ապօրինի քրեական հետապնդում, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են:
«Քաղաքացիական պայմանագրից» երեկ պնդել են, որ Արագածոտնի թեմում անօրինական ոչինչ տեղի չի ունեցել, իրավապահներն էլ հոգևորականներին հետապնդելու ցուցում չեն ստացել: