Մատչելիության հղումներ

Բերման ենթարկված 10 հոգևորական, Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը ժամեր անց հայտնի դարձավ

Լրացված

Ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, կան բերման ենթարկված մի շարք այլ հոգևորականներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը, հայտնում են Մայր աթոռից:

«Եկեղեցու դեմ արշավի շրջանակների մեջ է մտնում». Մայր աթոռի խոսնակ

Թե որն է ձերբակալությունների պատաճառը, Մայր աթոռի խոսնակ տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց՝ մանրամասներից տեղյակ չեն, և որ իրենք էլ պետք է որոշ պարզաբանումներ ստանան: Ամեն դեպքում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություններն ու խուզարկությունները դիտարկում է իշխանություն- եկեղեցի հակամարտության շրջանակում:

«Ուրիշ այլ շրջանակ չենք տեսնում, բնականաբար եկեղեցու դեմ արշավի շրջանակների մեջ է մտնում», - ասաց Մայր աթոռի խոսնակը:

Փաստաբանները չեն կարողանում ՔԿ մտնել

Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը մի քանի ժամ անհայտ էր: Քննչական կոմիտեից հրաժարվում էին ասել, թե որտեղ է նա: Արդեն 7 ժամ անց ՄԻՊ օգնությամբ հայտնի դարձավ, որ նա գտնվում է Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում:

Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն՝ Արագածոտնի թեմի առաջնորդի անհետացման հետ կապված՝ անձի անհետացման փաստով. «Քանի ժամ է անցել, բոլորս միասին տվայտվում ենք՝ հասկանալու, թե ուր է ՀՀ քաղաքացին, որևէ պատասխան չկա», - նախքան նրա վայրի հայտնի դառնալը ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Ավելի ուշ հաղորդվեց նաև, որ բերման ենթարկված չորս քահանաների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի և Տեր Օշինի գտնվելու վայրը ևս անհայտ է:

Հաղորդվում է, որ նախքան բերման ենթարկելը վաղ առավոտից խուզարկություններ են եղել հոգևորականների տներում, փաստաբանների խոսքով՝ խուզարկություն է իրականացվում Արագածոտնի թեմի առաջնորդարանում:

Հոգևորականների փաստաբանների խոսքով՝ թեև հոգևորականներին հարկադրաբար բերման են ենթարկել, սակայն Քննչական կոմիտեում նրանք ունեն վկայի կարգավիճակ: Փաստաբանական խումբը տեղեկացնում է՝ թեև Մայր աթոռից ունեն լիազորագիր՝ պաշտպանելու հոգևորականների շահերը, սակայն նրանց չի թույլատրվում ներս մտնել: Իրենց մուտքը Քննչական վարչություն խոչընդոտելու դեպքով ևս հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:

«Դռները զմռսել են, սա աննախադեպ բան է, քանի որ ազատ տարածք է, գալիս ենք, մտնում, ընդհանուր բաժին դիմում ենք մուտքագրում», - ասում է փաստաբանը:

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանայի տված հարցազրույցից հետո հաղորդում է ներկայացվել

Այսօր բերման ենթարկված հոգևորականների փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Արա Զոհրաբյանը նշում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա է բերման ենթարկելու այս գործընթացը տեղի ունեցել:

Մասնավորապես, Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո է հաղորդում ներկայացվել:

Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. «Շուրջ մեկ ամիս առաջ Հանրային հեռուստատեսության եթերում քահանա տեր Արամը հայտարարել էր, որ 21 թվականին իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին: Դա քրեորեն պատժելի արարք է:

Այդ հայտարարության հիմքով ինչպես ժողովրդավարական կարգին ուղղված ցանկացած հրապարակային հայտնված տեղեկատվության դեպքում, մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն: Ճիշտն ասած՝ հաղորդումը ներկայացնելուց հետո հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկություն չունեինք և չգիտեինք, որ քրեական վարույթը հարուցվել է: Այսօր իմացանք: Մենք որևիցե տեղեկություն չունեինք՝ ովքեր են ենթադրյալ հանցագործությունը կատարողները, միակ տեղեկությունը այդ հարցազրույցի ժամանակ քահանայի ասվածն էր, որը ուղարկել ենք դատախազություն, խնդրել ենք քննել»:

Ուղիղ հղում

«Ազատություն». -Դուք ինչպե՞ս եք գնահատում այն պնդումները, որ այստեղ քաղաքական շարժառիթներ կան: Օրինակ՝ եկեղեցին տեսնում է, որ այս ամենն իրականացվում է իշխանության կողմից հակաեկեղեցական արշավի շրջանակում: Ստացվում է, որ Դուք էլ մա՞ս եք կազմում այդ արշավի:

Դանիել Իոաննիսյան. - Մենք որևիցե արշավի մաս չենք կազմում: Մի խումբ ՀԿ-ների, այդ թվում՝ մեր նախաձեռնությամբ, հանրահավաքին մասնակցելուն պարտադրելը քրեականացված արարք է ՀՀ-ում, և պետությունը պետք է պայքարի բոլոր նման դրսևորումների դեմ:

«Ազատություն». «Դուք չե՞ք տեսնում քաղաքական շարժառիթ այս վարույթի հետևում: Այսինքն՝ եթե չլինեին եկեղեցու ու իշխանության միջև լարված հարաբերությունները, գուցե այս վարույթը չլինե՞ր:

Դանիել Իոաննիսյան. - Ցանկացած դեպքում, երբ իմանում ենք կամ հրապարակային տեղեկատվություն է հայտնվում, որ ինչ-որ մեկին պարտադրել են, որ հանրահավաքին մասնակցի կամ վճարել են հանրահավաքին մասնակցելու համար, մենք բոլոր դեպքերով միշտ ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում: Մեզ համար տարբերություն չկա՝ ով է դա անում՝ իշխանությունը, ընդդիմությունը, եկեղեցականները, աթեիստները, մենք միշտ հաղորդումները ներկայացրել ենք»:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»: Կառույցից նշում են, որ լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ:

Տարածված տեսանյութերում Արագածոտնի թեմի առաջնորդարանում Փրկարարներ ծառայության աշխատակիցներն ինչ-որ աշխատանքներ են կատարում: «Ազատության» հարցին ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ստացված հայտի շրջանակում փրկարար ծառայողներն աջակցում են քննչական գործողություններին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG