Մատչելիության հղումներ

Արագածոտնի թեմում գործողություններն իշխանությունների «հակաեկեղեցական արշավի» դրսևորումն են. Մայր աթոռ


Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացվել են ապօրինի քրեական հետապնդման գործողություններ, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են, հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ըստ Մայր աթոռի հայտարարության՝ նման գործողություններով «ակնհայտ չարամիտ դիտավորություն» է հետապնդվում՝ խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու եկեղեցու հեղինակությանը, ինչպես նաև վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։

Էջմիածնից այսօր առավոտյան հայտնել էին, որ իրավապահները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տեր Արամ քահանա Ասատրյանի հրապարակած, եկեղեցու բնորոշմամբ, «ստահոդ» տեղեկությունների և Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։

Մկրտիչ սրբազանի նպատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՔՕ149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Կա ևս երկու ձերբակալված:

Մայր աթոռի տվյալներով՝ բացի թեմի առաջնորդից, բերման էին ենթարկվել 12 քահանաներ, թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ, մեղադրանք է առաջադրվել 3 հոգու, այդ թվում՝ թեմի առաջնորդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG