«Չեմ գնալու, Վեհափառի տված բնակարանի կողպեքն էլ եմ փոխել»

Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված քահանա Տեր Արամ` ավազանի անունով Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում, հոկտեմբեր, 2025թ.

«Չենք պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը». - Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված նախկին քահանան ոստիկանների մշտական պաշտպանության ներքո շարունակում է տնօրինել Հովհաննավանքի եկեղեցական կյանքը:

«Տեսեք, որտեղ որ ժողովուրդն է, և որտեղ որ ժողովուրդը ունի իր ձայնը ասելու այդ հնարավորությունը և իրավունքը, և հնարավոր է, որ հակառակ կողմից նաև ճնշում են ժողովրդի այդ ցանկություններին և իրավունքներին, ոստիկանությունը ուղղակի պարտավոր է լինել, որպեսզի բախումներ չլինեն», - ասաց նա:

Բախումներ, միջադեպեր այսօր չեղան: Անցկացվեց մի պսակադրություն, նաև մի խումբ կանանց օրհնություն:

«Նկարվեցինք, օրհնվեցինք, շատ շնորհակալ ենք, շատ գոհ ենք Տեր Արամից լավ խոսքերի համար», - ասաց կանանցից մեկը:

«Օրհնությունը հասկանալի ձևով հասկացանք՝ բառերի իմաստը», - հավելեց մյուսը:

Ընդ որում, բոլորն էլ տեղյակ էին, որ նախկինում Տեր Արամը, որի ավազանի անունը Ստեփան Ասատրյան է, այլևս կարգալույծ է. - «Ո՞վ ա Տեր Արամին վարքաբեկում, իրավունք չունեն: Եթե եկեղեցական են, ո՞նց կարելի ա նման ձևով վարվել Տեր Արամի հետ»:

Նախկին քահանան շարունակում է պնդել՝ չի պատրաստվում լքել խորանը, շարունակելու է Աստծուն ծառայել այստեղ՝ որքան ստացվի: Հերքում է, թե փոխել է եկեղեցու դռան կողպեքը, բայց հավելում է՝ փոխել է Մայր Աթոռի տրամադրած բնակարանի կողպեքը. - «Վեհափառի տված բնակարանի կողպեքն էլ եմ փոխել, ի դեպ, որովհետև աշխատող չէր: Էստեղ չեմ փոխել»:

Հովհաննավանքում մեկ տարուց ավելի ծառայություն անցկացնող Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, սակայն, հակառակն է պնդում. - «Ափսոս ես չեմ նկարահանել էդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու միջուկի տեղը դատարկ էր: Այո, եկեղեցու դռան միջուկը, որի մեջ բանալին մտցնում և աշխատացնում ենք, և դա իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին: Հիմա էն բանալին, որ կա մեզ մոտ, դա չի աշխատում»:

Տեր Սարգիսը հոգնել է այս վիճակից, Հովհաննավանքում խորան չի բարձրանում, նրան հանդիպեցինք Աշտարակի սուրբ Մարիանե եկեղեցում:

Քահանան ստիպված է իրեն դիմող հավատացյալներին այլ եկեղեցիներում հանդիպել՝ հեռու Հովհաննավանքից, հեռու՝ խնդիրներից:

«Ես չեմ գնա կատարելու, որովհետև այլևս հոգնել եմ էդ ամեն քաշքշուկների մեջ լինելուց: Ինձանից՝ որպես հոգևորականի, ինչ է հասանելի՝ ժողովրդին բացատրել, ժողովուրդը արդեն ինքն ա ընտրում՝ կուզի՞ գնա կարգալույծ արվածի մոտ, կուզի՞ գնա աշխարհիկը իրան օրհնի որպես հոգևորական, թող էթա էդ օրհնությունը վերցնի», - ասաց Տեր Սարգիսը:

Քահանան չի հիշում, որ մինչև այս եկեղեցին ոստիկանները հսկեին: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանն» այսօր փոխանցեցին՝ ոստիկաններն այնտեղ են, որ բախումներ չլինեն: Իսկ թե ինչո՞ւ է գերատեսչությունը մերժում կատարել Մայր Աթոռի դիմումում նշված խնդրանքն ու ապահովել իրեն պատկանող տարածք իր՝ օրինական քահանաների մուտքը, պետական կառույցից առաջարկեցին գրավոր դիմել:

Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ անցկացված պատարագին մասնակցում էր նաև Մայր Աթոռի կողմից չարտոնված մի սարկավագ, որն իշխող կուսակցության անդամ է:

«Ուղղակի ես որ գնացի տեսա ձեռնադրված սարկավագ չկա, մտածեցի՝ կբարձրանամ խորան, վերաբերումը, Ավետարան կարդալը ես կանեմ, որը որ սարկավագի պարտականությունն ա, որ տեր հայրը չծանրաբեռնվեր՝ դա էլ ինքը աներ», - «Ազատությանը» ասաց Ռոբերտ սարկավագ Աղազարյանը:

Ութ տարի խորան չբարձրացած Ռոբերտ սարկավագը կիրակի օրը որոշել էր Լոռուց հասնել Արագածոտնի մարզ: Կադրերում նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին ծնկի է եկած՝ եկեղեցական հագուստով:

Մինչ Աղազարյանը պնդում է, թե իրավունք ունի ցանկացած եկեղեցու խորան բարձրանալ, վկայական էլ է ունեցել 2015-ից մինչև 2020 թվականների համար, Մայր Աթոռից հակադարձում են՝ սարկավագներին կարգալույծ չեն անում, բայց նա ճեմարանը կիսատ թողած, եկեղեցուց տարիներ առաջ հեռացած մեկն է, ում իրենք չեն արտոնել խորան բարձրանալ:

Նրանից քիչ այն կողմ ևս մի երիտասարդ է՝ դարձյալ հոգևորականի զգեստով: Նա էլ, ըստ համացանցում տարածված կադրերի, «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդական կառույցից է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում». Փաշինյան«Հովհաննավանքի տարածք ներխուժման գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է». Մայր Աթոռի փաստաբանը կդիմի իրավապահներինՎարչապետը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին. ինչ կատարվեց ՀովհաննավանքումԲոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են, որ կիրակի Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնվի. Մայր ԱթոռԱյսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան Նախկին քահանան պսակադրության ու մկրտության արարողություն կատարեց. Մայր Աթոռից դիմում են իրավապահներին