«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք, կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս նպատակով ՔՊ-ն առաջինը՝ 2026թ. խորհրդարանական հերթական ընտրություններում ՀՀ կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորելով սահմանադրության մեծամասնություն: Երկրորդ՝ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց», - ներկայացրեց վարչապետը:
Հռչակագրի երրորդ կետը սահմանում է՝ «հենվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ՀՀ 29 հազար 743 քառ կմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա»:
Բացի այդ, ՔՊ-ն նախատեսում է ակտիվացնել Եվրոպական միությանը ՀՀ անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
Հռչակագիրը սահմանում է նաև հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիություն հաստատելու պատգամի իրագործումը, ջանքերի գործադրումը խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։
Հռչակագիրը միաձայն ընդունվեց:
Բաքուն խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո էլ շարունակում է կրկնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանը: Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից ժամեր անց Ադրբեջանի նախագահը ասել էր, որ դա Հայաստանի տնային առաջադրանքն է, հենց դա կատարվի, պայմանագիրը կստորագրվի: Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ նոր Սահմանադրությունը Բաքվի փոփոխության պահանջի կատարում չէ:
Միաժամանակ Փաշինյանն ավելի վաղ ասել էր՝ չի կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը
Մենք Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա. Փաշինյան
«Մենք Կտրիճ Ներսիսյանին (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին:
Վարչապետը կրկնեց իր ավելի վաղ արտահայտած միտքը, թե Կտրիճ Ներսիսյանը չի հավատում Աստծուն, և նա պետք է հեռանա, «ինչքան շուտ, այնքան լավ, և առանց ժողովրդական ներգործության»: Եթե կաթողիկոսը չհեռանա, «կլինի ժողովրդական ներգործություն», ասաց նա:
Կառավարության ղեկավարը հունիսին երկու շաբաթ ամեն օր եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին էր գրում: Սկսեց վիրավորանքներով, հետո պահանջեց, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդեց, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրեց:
Մայր Աթոռից քննադատել են վարչապետի արշավն ու հայտարարել, որ կաթողիկոսը չի հեռանալու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմ պլանները չեն կարող փոխվել». Փաշինյանը չի փոշմանել, հակակաթողիկոսական արշավի ընդմիջում էրԻնչո՞ւ էր հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ»
Փաշինյանն իր ելույթից անմասն չթողեց խաղաղության թեման, ասաց, որ օգոստոսի 8-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Ապա հիշեցնելով իր՝ նախքան 44-օրյա պատերազմն արած հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է և վերջ, ասաց. «Այդ արտահայտությունն արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել, հիմա նույնքան հայրենասեր եմ: Աղաղակող դիլեմայի պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը»:
Ի դեպ, վարչապետը ելույթ էր ունենում մուրճը ձեռքին, որը թափահարում էր նախորդ ընտրությունների քարոզարշավին, ասաց, որ մուրճը կառուցելու համար է, ոչ թե քանդելու:
«Ոնց որ թե հասել ենք մեծ ու հսկայական կտորներին»
Թալանվածը վերադարձնելու անկասելի համակարգ է գործարկված, պնդեց Փաշինյանը. «Ու ժողովրդից թալանվածը արդեն իսկ հատիկ առ հատիկ ետ է բերում: Այդ թալանվածը մի սենյակում չի դրված և հատիկ առ հատիկ է թալանվել: Ոնց որ թե հասել ենք մեծ ու հսկայական կտորներին, վերջին օրինակը «Հայաստանի էլեկտրական ցանցերը»»:
Մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի՝ հունիսի 17-ի հայտնի հարցազրույցից հետո, երբ Կարապետյանը նշել էր, թե անհրաժեշտության դեպքում «իրենք էլ իրենց ձևով կմասնակցեն եկեղեցու պաշտպանությանը», Փաշինյանը բարձրաձայնել էր բաշխիչ ցանցերը պետականացնելու մասին: Մեկ ամիս էլ չանցած խորհրդարանի իշխող մեծամասնությունը արագացված ընթացակարգով հեղինակել և ընդունել է օրենսդրական մի փաթեթ, որով գործադիրը վերցրեց ՀԷՑ-ի կառավարումը:
Դիմելով, իր բնորոշմամբ, «Սփյուռքի միլիարդատեր էմիսարիներին»՝ ասաց, որ ՀՀ-ն նրանց համար «յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, գնում ենք»:
«Նրանք, ում մտքով նման բան կանցնի, ՀՀ-ն նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում, այնպես որ ՀՀ համը բերանները մնա», - ընդգծեց նա:
Նշենք, որ նման արտահայտություն, թե «պետության համը բերանը կմնա», վարչապետն արել էր Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո նաև:
«Այս պահին ՀԷՑ-ի ստուգումների արդյունքում բացահայտված խարդախությունները բավարար են արձանագրելու համար, որ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի հետ կապված մեր մտահոգությունները հիմնովին են եղել», - այսօր շեշտեց երկրի ղեկավարը:
Ինչ վերաբերում է Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների կալանքի տակ, Փաշինյանը նշեց, որ թեև դա ցավալի է, բայց դա օրենքի ու իրավունքի դիկտատուրան է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել սրբազան. «Սա քաղաքական պատվեր է իշխանությունների կողմից»Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, որ կալանավորված է իշխանության զավթման կոչի մեղադրանքով, իր կալանքը քաղաքական պատվեր է որակում: Կալանքը քաղաքական հրահանգ է որակել նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Նա էլ մեղադրվում է ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար:
Ռուսաստանի ու Թուրքիայի մասին
Արտաքին քաղաքականության մասին խոսելով՝ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում: Նա պնդեց՝ ՀՀ-ն գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով:
Նաև ասաց՝ Թուրքիայի հետ երկխոսությունը վստահություն է տալիս, որ առաջիկայում կլինի ցամաքային հաղորդակցություն: