Մատչելիության հղումներ

ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը

Լրացված

Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ
Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ

Սահմանադրական դատարանն այսօր վարույթ է ընդունել ՀԷՑ-ի վերաբերյալ խորհրդարանում հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականության հարցը քննելու ընդդիմադիր պատգամավորների դիմումը: Այս մասին քիչ առաջ «Ազատությանը» հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը:

ՍԴ-ն ավելի քան երկու ամիս չէր պատասխանում ընդդիմադիր պատգամավորների դիմումին: «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը պնդում էր, որ դա ոչ միայն սահմանադրական արդարադատության ձախողման, այլ նաև առերևույթ հանցակազմի առկայության մասին է վկայում:

«Ի՞նչն է պատճառը՝ որևէ ձևով չկա բացատրություն, չեն ներկայացնում մարդիկ որևէ բացատրություն: Սրա վերաբերյալ ես նաև Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, և պահանջել ենք նաև քաղաքական մեծամասնությունից, որ իրենք էլ ներգրավվեն էս պրոցեսի մեջ, որովհետև ի վերջո խոսքը գնում է Սահմանադրությունը կոպիտ խախտելու փաստի մասին», - հայտարարում էր Մինասյանը այսօր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների սահմանադրականության հարցով պատգամավորների դիմումը Բարձր դատարան է մուտք արվել հուլիսի 11-ին: Սահմանադրական դատարանն, ըստ օրենքի, 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ:

«Ներկայացված դիմումի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Արդյո՞ք սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը և յուրաքանչյուր դատավոր հրաժարվում է սահմանադրական իր լիազորությունների իրականացումից, այն է՝ սահմանադրական արդարադատության իրականացումից, և պահանջել եմ հստակ տեղեկատվություն», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

30-օրյա ժամկետը լրանալուց հետո՝ օգոստոսի 22-ին, Արծվիկ Մինասյանը գրություն էր ուղարկել Սահմանադրական դատարանի նախագահին և մյուս դատավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե ինչու իրենց դիմումին ընթացք չի տրվում:

Բարձր դատարանի աշխատակարգային որոշմամբ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննության համար կարող են սահմանվել նաև այլ ժամկետներ: Արդյոք նման նիստ տեղի է ունեցել և սահմանվել են այլ ժամկետներ՝ դիմումատուներին հայտնի չէ: Ընդդիմադիր պատգամավորի այս հարցին էլ դատարանից չեն արձագանքել:

«Քանի դեռ որևէ բացատրություն չկա տրված, իսկ օրենքով և աշխատակարգով սահմանված ժամկետները արդեն անցել են, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց անգործությամբ կամ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված, դիտավորյալ գործողություններով ձախողում են սահմանադրական նորմի ի կատար ածումը», - այսօր ասաց դաշնակցական պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան են դիմել ոչ միայն ՀԷՑ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության ընդունած օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այլև միջնորդել են կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով որոշում կկայացնի:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG