Եթե կաթողիկոսը չհեռանա, կլինի ժողովրդական ներգործություն. Փաշինյան

«Մենք Կտրիճ Ներսիսյանին (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին:

Վարչապետը կրկնեց իր ավելի վաղ արտահայտած միտքը, թե Կտրիճ Ներսիսյանը չի հավատում Աստծուն, և նա պետք է հեռանա, «ինչքան շուտ, այնքան լավ, և առանց ժողովրդական ներգործության»: Եթե կաթողիկոսը չհեռանա, «կլինի ժողովրդական ներգործություն», ասաց նա:

Համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հնարավոր բռնության վերաբերյալ հարցին Փաշինյանն ասաց, թե «ինչպե՞ս կարող է բռնություն լինել, եթե անգամ Սերժ Սարգսյանին հեռացնելու ժամանակ լինելով ընդդիմություն բռնության չգնացինք, հիմա որպես կառավարություն ո՞նց կարանք բռնության գնանք կաթողիկոսին հեռացնելիս»:

Կառավարության ղեկավարը հունիսին երկու շաբաթ ամեն օր եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին էր գրում: Սկսեց վիրավորանքներով, հետո պահանջեց, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդեց, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրեց: Վարչապետը հայտարարել էր նաև Էջմիածնում հոգևոր հավաք հրավիրելու մասին:

Համաժողովից հետք լրագրողի հարցին, թե երբ է լինելու այդ հավաքը, Փաշինյանն ասաց առաջիկայում՝ առանց կոնկրետ ժամկետ նշելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմ պլանները չեն կարող փոխվել». Փաշինյանը չի փոշմանել, հակակաթողիկոսական արշավի ընդմիջում էր

«Ինձ համար անհանդուրժելի է, որ անհավատ մեկը, որ ընդհանրապես կապ չունի հոգևորության հետ, կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ», - նշեց վարչապետը: