Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի պատվիրակմամբ Երևան եկած Շահան արքեպիսկոպոսը ոչ մի մանրամասն չի ասում, թե ինչ են խոսել երեկ ինքն ու Հայաստանի վարչապետը, ինչ է փոխանցել Արամ Առաջինը: Նա թիկունքով արձագանքեց բոլոր հարցերին, երբեմն ժպտաց:
«Ես հավատում եմ երկխոսությանը, այդքանը», - ասաց նա:
Հարցին՝ իշխանություն-Մայր Աթոռ լարվածության պիկին երկխոսության հույս դեռ կա՞, արձագանքեց. «Հույսով ապրում ենք, չէ՞, եթե ոչ, ուրեմն ուրիշ աշխարհի մեջ ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին: Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս լուրը կառավարաության լրատվականը տարածեց երեկ, երբ երրորդ եպիսկոպոսն էր կալանավորվել, նախօրեին տասնյակից ավելի քահանաներ՝ բերման ենթարկվել: Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցների փոխանակած մտքերի մեջ բառ չկա տիրող իրավիճակի մասին:
Այլ բան է հաղորդել Կիլիկիա կաթողիկոսությունը. «Շահան սրբազանն իր մտահոգությունը հայտնեց ներկա իրավիճակի մասով և շեշտեց եկեղեցի-պետություն գործակցության կարևորությունը։ Միաժամանակ նա արծարծեց հոգևորականների ու ձերբակալության հարցը և այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիլիկիո կաթողիկոսի պատվիրակը վարչապետի հետ հանդիպմանն արծարծել է հոգևորականների ձերբակալության հարցըԻ վերջո Արամ Առաջինը Հայաստանի վարչապետին օրհնանքներ, թե մտահոգություններ է ուղարկել: Շատ ավելի ուշ Անթիլիասից տարածվեց Արամ Առաջինի հայտարարություն-պարզաբանումը՝ ինքը Կանադայում է, Շահան սրբազանին պարտավորեցրել է վարչապետին փոխանցել իր մտահոգությունն ու դատապարտումը: Մի խոսքով՝ Արամ Առաջինը դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները: Կիլիկիա կաթողիկոսը, սակայն, համարելով, որ Անթիլիասական արքեպիսկոպոսի ողջույններով ու օրհնանքներով հանդիպումը վարչապետի հետ կարող է քննարկումների թեմա դառնալ այս օրերին, դատապարտման մի խոսք էլ Մոնրեալի Սուրբ Հակոբ մայր եկեղեցում է ասել, և այն տարածեցին այսօր առավոտյան:
«Եկեղեցի-պետություն հարաբերության ներկա վիճակը վնասաբեր է ու անընդունելի մեր հայրենիքի ու ժողովրդի համար, ձերբակալություններով, զրպարտություններով հնարավոր չէ ներկա իրավիճակը շրջանցել», - պնդել էր նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները«Նույնիսկ թշնամական երկրներն են երկխոսությամբ հարցեր քննարկում: Մի՞թե նույն ազգի երկու կողմերը երկխոսել չեն կարող», - հարցնում է Կիլիկիո կաթողիկոսը: Օրինակը, ըստ նրա, հենց հայ-ադրբեջանական երկխոսությունն է. «Երբ հազարավոր երիտասարդ հայորդիների ուրյուն է հոսել, Արցախը գրավված է, Արցախի պետական այրերը ապօրինի ձերբակալված են, և այսօր երկու երկրները խաղաղության ձեռք են մեկնել, խոսում են միմյանց հետ, մի՞թե նույնը չի կարելի անել նույն ազգին, նույն երկրին պատկանող երկու կողմերի միջև»:
Արամ Առաջինընայս իրավիճակը ամոթալի է համարում և տեսնում է Հայաստանի ինքնակործանման վտանգ: Կիլիկիո կաթողիկոսի հեռահար դատապարտումներին զուգահեռ, սակայն հանրային հարթակում շարունակվում են քննարկումները՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված իշխանական արշավանքի պիկին տեղին էր այս հանդիպումը: ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, թե Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռները պիտի համատեղ ջանքերով պաշտպանեն եկեղեցին:
«Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներն ու հալածանքները, ինչպես նաև հակազգային գործունեությունը ՀՅԴ Բյուրոն գնահատում է որպես բացարձակապես անընդունելի: Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին արժանացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի և Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը», - հայտարարել է ՀՅԴ-ն։
Կիլիկիո կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի սկսած հակակաթողիկոսական արշավի 5 ամիսների ընթացքում մի քանի անգամ առաջարկել է թե միջնորդների միջոցով հաշտեցմանն օգնել, թե անձնապես գալ Հայաստան: Նրա պատվիրակները ամռանը Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման էին գնացել: Հայաստանի վարչապետին ու վեհափառին կամրջելու Արամ Առաջինի մաղթանքները դեռ մաղթանքներ են: