Հեծանիվ, խաղաղություն և դիվանագիտություն. ինչ ուղերձներ են հնչում Դուշանբեից

Բրյուսելից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով սլացավ նաև Դուշանբեի փողոցներով՝ լուրջ փիլիսոփայություն դնելով իր հոբբի մեջ:

«Հեծանիվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է, և որ ցանկացած վերելքի հաջորդում է վայրէջք, և ցանկացած վայրէջքի հաջորդում է վերելք: Հարցն այն է, թե արդյոք դու ունե՞ս կամք շարունակելու առաջ գնալ», - սոցիալական ցանցում հրապարակած կարճ տեսանյութում ասաց Փաշինյանը:

Սաղավարտը փոխարինած փողկապ-կոստյումով՝ մի քանի ժամից Հայաստանի վարչապետը մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Մանրամասն ներկայացրեց վաշինգտոնյան պայմանավորվածությունները: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ համարեց, որի համար, նկատեց, առանցքային է դարձել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը։

«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են»

Չնայած նախապայմաններից Բաքուն չի հրաժարվում, վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կստորագրվի ու կվավերացվի նաև Սպիտակ տանը նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը:

«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծենք հումանիտար խնդիրները, և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյան. TRIPP-ը բացում է նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար


Փաշինյան-Ալիև զրույց՝ Դուշանբեում


Դուշանբեում Փաշինյան-Ալիև առանձին շփման մասին միայն ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն է հաղորդել: Երևանն ու Բաքուն պաշտոնապես չեն հայտնել՝ ինչ քննարկում է ծավալվել, որ հարցերի շուրջ: ԱՊՀ գլխավոր քարտուղարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ջերմ զրույց են ունեցել, քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ, թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

Չնայած Երևանի դժգոհություններին, ադրբեջանցի պաշտոնյաները՝ նախագահ Ալիևի գլխավորությամբ, շարունակում են «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործել: Երևանի որդեգրած դիրքորոշումից հետո, թե ադրբեջանցիները ոչ թե Հայաստանի տարածքը նկատի ունեն, այլ իրենց երկրով անցվող կապուղին, հայտնի չէ՝ հարցը ևս մեկ անգամ արծարծվել է, թե՝ ոչ:

Երբ Ալիևը Փաշինյանի ներկայությամբ այսօր խոսում էր Լաչինը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելուց, մեղադրանքի սլաքն ուղղեց հայկական կողմին, թե «30-ամյա օկուպացիայից հետո կարողացել են վերականգնել ամբողջովին ավերված քաղաքը»: Ալիևը շնորհակալ էր գործընկերներին «Ադրբեջանի արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքի թեկնածությանն աջակցելու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ից առաջարկում են չքննարկել և հարցեր չտալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառման վերաբերյալ

«Ասում էի՝ Նիկոլ Վովաևիչն առանց մեզ չի կարող»


Երեկ Փաշինյանը Դուշանբե մեկնեց ԱՊՀ մյուս լիդերներից ավելի ուշ՝ Բրյուսելից, որտեղ մասնակցում էր «Համաշխարհային դարպասներ» միջազգային համաժողովին: Բայց դատելով սոցցանցերում տարածված տեսանյութերից՝ Հայաստանի վարչապետին գործընկերները քննարկել են թե՛ նրա ներկայությամբ, թե՛ բացակայությամբ: Տեսանյութերից մեկում ոչ պաշտոնական մթնոլորտ է այգում. միջպետական հարաբերություններում ամիսների լարվածությունից հետո հանդիպած Ալիևն ու Պուտինը գրկախառնվում են: Տաջիկստանի նախագահը 7 տարի առաջվա դեպքեր է հիշեցնում Ալիևին, որ առաջին անգամ Փաշինյանին հենց այստեղ է հանդիպել: Հայաստանի վարչապետն այդ պահին դեռ չէր միացել ԱՊՀ ղեկավարներին:

Թերևս խոսքը 2018-ի սեպտեմբերի վերջին Դուշանբեի հավաքի մասին է: Այդ ժամանակ «Ռոսիա 1»-ն էր ֆիքսել, որ Փաշինյանն ու Ալիևը նույն վերելակից են դուրս գալիս: Սա Հայաստանում ներքաղաքական կրքեր բորբոքեց: «Վերելակային դավադրությունը» Փաշինյանը հերքում էր:

Արդեն Փաշինյանի ներկայությամբ այսօր տարածված տեսանյութում Ալիևին է դիմում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Իլհա՛մ Գեյդարովիչ, իսկ Դուք անհանգստանում էիք, որ չի գա, ես Ձեզ ասում էի՝ Նիկոլ Վովաևիչն առանց մեզ չի կարող»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև վիճաբանություն ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ

Հաջորդ կադրում արդեն Ալիևն ու Փաշինյանը կողք կողքի են, Բելառուսի նախագահի ոչ պաշտոնական «Պուլ պերվոգո» ալիքի տարածած տեսանյութում, սակայն, Փաշինյանի հարցի պատասխանը, թե ինչպե՞ս, ո՞ւր չէի գա, չի հնչում: