Իշխանամերձ լրատվամիջոցների հրապարակած ձայնագրության հետքերով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Այս ձայնագրությունում հիշատակվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը հակաիշխանական ցույցերին մասնակցությունը պարտադրելու կոնտեքստում: Քննչականը մեղադրյալի կամ մեղադրյալների մասին դեռ տեղեկություն չի հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔԿ. Հոգևորականներին վերագրվող ձայնագրության վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Հոգևորականներին վերագրվող ձայնագրության վերաբերյալ հաղորդում է ստացվել Քննչական կոմիտեԻշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Աղան աբեղա Երնջակյանը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե իրեն Կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե այն երբ է արվել, ում կողմից և ինչպես է հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում: Եթե պարզվի, որ ձայնագրությունն իրական է, ապա ստացվում է՝ բարձրաստիճան հոգևորականին գաղտնալսել են, և հայտնի չէ՝ դատարանի թույլտվությա՞մբ, թե՞ ոչ:
Մայր Աթոռը հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը հանցագործություն է որակել
Իշխանական լրատվամիջոցներում տարածված ձայնագրությանը ժամեր անց արձագանքեց Մայր Աթոռը՝ նշելով, որ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների շրջանակում իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական, ապօրինի հրահանգների իրագործմանը։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան», - ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ համացանցում տարածված ձայնագրությունը արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մայր Աթոռ. Հեռախոսազրույցների գաղտնիության խախտումը հանցագործություն է, իրավապահները պետք է արձագանքեն Հոգևորականներին վերագրվող ձայնագրությունը կդառնա քննության առարկա. ԴատախազությունԽոսքը Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական վարույթի մասին է: Կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար՝ ծառայողական լիազորությունները օգտագործելով: Մեկ այլ կալանավորված հոգևորական՝ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը, այս գործի շրջանակում մեղադրվում է թեմակալ առաջնորդին օժանդակելու մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մայր Աթոռից պնդում են՝ «բացեիբաց ճնշումներ են», վարչապետը վստահեցնում է՝ «Եկեղեցու վրա հարձակում չկա»Բարձրաստիճան հոգևորականները դատապարտում են իրավապահների գործողությունները Արագածոտնի թեմում Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեցԱրագածոտնի թեմի առաջնորդը չի ընդունում մեղադրանքը. ինչ է հայտնի եկեղեցականների ձերբակալությունից հետոԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվելԱյդուհանդերձ, Տեր Արամի «հարցաքննություն եղել է»
«2021-ից բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ՝ վերադասի», - Արագածոտնի թեմի քահանաներից Տեր Արամն անցած ամիս Հանրայինին տված հարցարույցում հիշել էր չորս տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, պնդելով , թե 2021-ին վերադասը ստիպել է իրեն մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Այս հայտարարությունից հետո, հենց հաջորդ օրը «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Մեկ ամիս անց արդեն հայտնի դարձավ որ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակում բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի մեկ տասնյակից ավելի քահանաներ ու թեմի առաջանորդ Մկրտիչ սրբազանը, ով, ի դեպ, Ամենայն Հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:
«Ցուցակներ են կազմվել՝ ամեն անգամ երեք հոգի գնալու, ու էդպես երեք-երեք գնացել են», - օրերս լրագրողներին ասում էր Արամ քահանա Ասատրյանը:
Հարցին՝ ընդվզե՞լ են, ասե՞լ են, որ համաձայն չեն, Տեր Արամն արձագանքեց. - «Մենք, քահանաների մեծ մասը միշտ էլ նեղվել է էդ թեմայից, բայց չէինք բարձրաձայնում, որովհետև հետևանքների մասին գիտեինք»:
Ի դեպ, այս քրեական վարույթի շրջանակում ցուցմունքներ են տվել հոգևորականներ, որոնց մեջ է նաև Արագածոտնի թեմի քահանան Տեր Արամը: Ընդ որում, եթե հոկտեմբերի 15-ին «Ազատության» հետ զրույցում Տեր Արամը պնդում էր, որ Քննչական կամ Դատախազություն չի գնացել, իրավապահների թեմայի մեջ չկա, ապա արդեն հաջորդ օրը TV5-ի հետ զրույցում խոստովանեց՝ հարցաքննվել է:
«Ես Քննչական չեմ հրավիրել, որևէ մեկը ինձ չի զանգել, Դատախազություն չեմ գնացել, չկամ ես իրավապահների թեմայի մեջ», - «Ազատությանն» ասել էր Արամ քահանան:
«Հստակ հարցեր են տվել, որին որ ես պետք է «հա» կամ «չէ» ասեի, ես էլ չեմ խաբել, որովհետև հոգևորականին հարիր չի ստելն ու խաբելը: Հարցաքննություն եղել է», - ասում էր Տեր Արամը TV5-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տեր Արամը հերքում է իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ զարգացումներինԲարձրաստիճան հոգևորականներին առնչվող քրեական գործերն ակտիվացան Ամենայն Հայոց կաթողիկոսին Վեհարանից հանելու՝ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած արշավից հետո: Այս պահին արդեն կալանավորված է երեք սրբազան:
«Առանձին դետալներ՝ միգուցե, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այս գործը քաղաքական մոտիվացված է՝ չէ»
Արդյո՞ք Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական գործում կան քաղաքական շարժառիթներ: «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ում հաղորդման վրա էլ գործը հարուցվել է, ասում է, որ որոշ դրվագների մասով միգուցե կարելի է նման պնդում անել. խոսքն այս դեպքում բերման ենթարկված քահանաների և Մկրտիչ սրբազանի քրեադատավարական իրավունքների խախտումներին է վերաբերում:
Բերման ենթարկվելուց հետո սրբազանի, ինչպես նաև Արագածոտնի թեմի չորս հոգևորականների գտնվելու վայրը Քննչական կոմիտեն գրեթե ողջ օրվա ընթացքում գաղտնի պահեց: Փաստաբանները նրանց պահման վայրի մասին տեղեկացան Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ: Կոմիտեն նաև ժամեր շարունակ արգելեց փաստաբաններին տեսակցել իրենց պաշտպանյալներին:
«Այս գործի հետ կապված ինչ-որ առանձին դետալներ՝ միգուցե, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այս գործը քաղաքական մոտիվացված է՝ չէ, որովհետև, կներեք, հանցագործության մասին հաղորդումը կա, և նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին, ինձ թվում է, տենց հստակ ու աներկբա չի հերքում, որ էդ արարքը տեղի է ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:
Հարցին էլ՝ իսկ ո՞ր դետալներում է տեսնում այդ քաղաքական մոտիվացվածությունը, նա արձագանքեց. - «Առանձին դետալները, օրինակ, չգիտեմ, եթե ընդդիմության ներկայացուցիչ չլիներ, իշխանության ներկայացուցիչ լիներ, օրինակ, փաստաբանի՝ իրա իրավունքը կսահմանափակվե՞ր, թե՞ չէ: Կարծում եմ, որ չէ»:
Դանիել Իոաննիսյանն, ով վերջին օրերին հայտնվել է սուր քննադատության տակ՝ նրան մեղադրում են իշխանությունների հրահանգով «գործ տալու» մեջ, հակադարձում է՝ ընտրական խախտումների մասին իրենք մշտապես են հաղորդումներ ներկայացրել, այդ թվում՝ իշխանությունների դեմ. - «Ես շատ թեթև եմ դրան վերաբերվում: 23 թվականի սեպտեմբերին, երբ որ մենք բացահայտել էինք, ընդ որում՝ գաղտնի մարդկանց ուղարկելով, բան անելով, բացահայտել էինք ՔՊ-ի և Տիգրան Ավինյանի կատարած մի շարք ընտրախախտումներ, այն ժամանակ էլ մեզ ասում էին, որ «ընդդիմության մարդն եք, ընդդիմության համար եք աշխատում, ընդդիմության կամակատարն ենք»:
Ինչո՞ւ այդ դեպքում կրկին օպերատիվ կերպով հանցագործության մասին հաղորդումներ չներկայացրեց իրավապահներին, երբ խախտվում էին մեկ տասնյակից ավելի հոգևորականների իրավունքները: Դանիել Իոաննիսյանն ասում է, թե նմանատիպ հարցերով չեն զբաղվում, իրենց ուշադրության կենտրոնում ընտրական խախտումներն են:
Մինչդեռ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Իոաննիսյանին հարց էր տվել, թե երբ նա հաղորդում է ներկայացնում հոգևորականների դեմ, չի՞ հետևում այդ հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին:
«Դա մեր տիրույթում չի: Ես ճիշտ ե՞մ հասկանում, որ Ժաննա Ալեքսանյանը ինձ մեղադրում է, որ ես հանցագործության մասին հաղորդում չեմ ներկայացնում մի բանի համար, որի համար ինքն էլ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում: Էդ ի՞նչ է՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մենաշնորհն է՞ իմը», - հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը: