Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Աղան աբեղա Երնջակյանը Նաթան արքեպիսկոպոսի հետ զրույցում դժգոհում է, թե իրեն Կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե այն երբ է արվել, ում կողմից և ինչպես է հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում: Եթե պարզվի, որ ձայնագրությունը իրական է, ապա ստացվում է, որ բարձրաստիճան հոգևորականին գաղտնալսել են, ու հայտնի չէ՝ դատարանի թույլտվությա՞մբ, թե՞ ոչ:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ համացանցում տարածված ձայնագրությունն արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա:
Խոսքը Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական վարույթի մասին է, կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով:
Մեկ այլ կալանավորված հոգևորական՝ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը, մեղադրվում է թեմակալ առաջնորդին օժանդակելու մեջ: