Իրավապահները հայտարարում են՝ Մերձավանի արյունալի միջադեպը բացահայտված է. գյուղի բնակիչներին դա չի գոհացնում

Իրավապահները Մերձավանում, 24-ը սեպտեմբերի, 2025թ.

Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, մյուս կալանավորվածը, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերը:

Իրավապահներն անցած շաբաթ տեղի ունեցած արյունալի այդ միջադեպը համարում են բացահայտված: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Սակայն Մերձավանում սպանությունը բացահայտելու՝ իրավապահների հայտարարությունից հետո էլ բնակիչները դժգոհ են: Այսօր շատերն էին հրաժարվում տեսախցիկների առջև խոսել, չներկայանալու պայմանով, սակայն, պնդում էին՝ իրավապահները փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո գյուղում պատշաճ հսկողություն չեն իրականացրել.

«24-ժամյա վերահսկողություն դնեին՝ հնարավոր էր էս դեպքը չլիներ, իրավապահ համակարգին եմ մեղադրում, որովհետև էսօր կարային շատ բաներ դեմը առնեին, բայց չարեցին... »:

Սպանության առաջին օրվանից Մերձավանում շրջանառվող վարկածը, թե այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ, շաբաթավերջին հաստատեցին նաև իրավապահները: Փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:

«Ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը», - հայտարարեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Քննվո՞ւմ են արդյոք այլ վարկածներ, հայտնի չէ, բայց սպանված համայնքապետի թիմակից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ՆԳՆ խոսնակի հայտարարությունը խայտառակ ոչ պրոֆեսիոնալ է որակում: «Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է», - սոցիալական ցանցի իր էջում գրել է Առաքելյանը՝ պնդելով, թե իշխանությունը միտումնավոր է վենդետայի վարկածը շրջանառում:

«Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը», - գրել է ընդդիմադիր գործիչը:

Սպանության ենթադրյալ կատարողն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, հաղորդում են Քննչական կոմիտեից, թե ինչ է պատմել, չեն մանրամասնում: Նրան օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանը, մինչդեռ, ըստ «Ազատության» տեղեկությունների, առհասարակ հրաժարվել է ցուցմունք տալ:

Գյուղում այս օրերին ուժեղացված հսկողություն է, իրավապահները պնդում են, որ 24 ժամ հսկում են այս պատմության հետ առնչություն ունեցողների տները: «Ազատության» այցելության պահին հսկողության տակ էր նաև այն տունը, որտեղ ապրել է Նարեկ Օհանյանը:

«Վայ, խելոք էին, եթիմ մեծացած, եթիմ ... ով որ լսում ա, զարմանում ա, որ նրանք տենց բան կանեին», - ասաց մի տարեց կին:

Փողոցում, որտեղ բնակվել է Նարեկ Օհանյանը, այսօր քիչ մարդկանց հանդիպեցինք, նրանք հիմնականում հրաժարվում էին խոսել:

«Մենակ գինամ՝ էն էլ էր ափսոս, էն էլ էր ափսոս, էդքան բան», - ասաց մեկ այլ կին:

Գյուղում այսօր ընդհանուր առմամբ քչախոս էին:

«Գյուղացին գյուղացուն ցավակցում ա, այ սենց ասեմ», - նշեց բնակիչներից մեկը:

«Եթե շուտ դեմը առնեին, էսքան բան չէր լինի», - ընդգծեց մյուսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արմավիրի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից Բացահայտվել է Մերձավանում սպանության դեպքը. ՔԿՍպանությունը պատվիրելու, թե՞ կատարելու մեղադրանք. Մերձավանում սպանության գործով ձերբակալված է Նարեկ ՕհանյանըՎարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակՔԿ-ն հաստատում է՝ Մերձավանում սպանության գործով կա մեկ ձերբակալվածՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն ազատվել է պաշտոնիցՀրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնիցԿրակոցներ Մերձավանում, սպանվել է Փարաքարի համայնքապետը