Իսրայելի բանակն անցած գիշեր Գազան գրավելու ցամաքային լայնածավալ հարձակում է սկսել՝ քաղաքը մի քանի շաբաթ ռմբակոծելուց հետո: Բանակը պնդում է, որ այն հիմա Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի գլխավոր հենարանն է:
Պաշտպանության նախարարը սոցցանցում գրել է, որ զորքը «քաջաբար պայքարում» է՝ գերեվարված իսրայելցիների ազատ արձակման և «Համաս»-ին պարտության մատնելու համար։
«Գազան այրվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին»,- գրել է Իսրայել Կացը։
Ըստ վերջին տվյալների՝ 2023-ի աշնան անակնկալ հարձակումից հետո «Համաս»-ը դեռ ավելի քան չորս տասնյակ իսրայելցի է պատանդ պահում: ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, թե տեղեկություն ունի, որ «Համաս»-ը մտադիր է հիմա նրանց որպես կենդանի վահան օգտագործել և զգուշացրել է չանել նման բան. «Թույլ մի՛ տվեք, որ դա տեղի ունենա, հակառակ դեպքում անկանխատեսելի բաներ տեղի կունենան։ Հենց հիմա ազատ արձակեք բոլոր պատանդներին»։
ԱՄՆ պետքարտուղարն էլ զգուշացրել՝ «Համաս»-ը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբիո. «Համաս»-ը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համարԱրմատական «Համաս»-ը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետն է հիմա որոշում պատանդների ճակատագիրը: Ըստ շարժման՝ ԱՄՆ-ն գիտի, որ Իսրայելն ամեն ինչ անում է՝ վիժեցնելու գերիների ազատ արձակման ու պատերազմի դադարեցման շուրջ համաձայնելու բոլոր հնարավորությունները, սակայն, այդուհանդերձ, աջակցում է Իսրայելին, հետևաբար՝ Վաշինգտոնն ուղղակիորեն պատասխանատու է Գազայում իրավիճակի համար:
Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել. ՄԱԿ հանձնաժողով
Այս ֆոնին ժամեր առաջ հրապարակվեց ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովի անկախ հետաքննությունը՝ առաջին անգամ պաշտոնապես արձանագրելով, որ 2023-ին «Համաս»-ի հարձակումից հետո Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել: 72 էջանոց զեկույցում ասվում է, որ «ցեղասպան գործողությունները» կատարվել են Իսրայելի վարչապետի, նախագահի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի հրահրմամբ:
Ըստ հանձնաժողովի նախագահ Նավի Փիլլեյի՝ խոսքը նրանց հայտարարությունների ու գործողությունների համադրության մասին է. «Կոնկրետ այս դեպքում հենց գործողություններն են շատ ուժեղ ապացույցներ ներկայացնում առ այն, որ այս ղեկավարներն իրականացրել են ցեղասպանություն կատարելու մտադրությունը, որ արտահայտել էին և դեռ արտահայտում են»:
Իսրայելը մերժում է զեկույցը
Իսրայելը զեկույցը «կեղծ» է անվանել՝ պնդելով, թե այն հիմնված է «Համաս»-ի տվյալների վրա: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ հայտարարել է, որ դրա հեղինակները հայտնի են իրենց հակասեմական հայացքներով:
«Իսրայելը կտրականապես մերժում է հետաքննող հանձնաժողովի հրապարակած այս զրպարտչական զեկույցը։ Այն տարածում է ցեղասպանության չարամիտ պատմույթը: Զեկույցը շեղվում է հանձնաժողովի լիազորություններից՝ կրկին ընդգծելով, որ իրենց վերլուծությունը կողմնակալ է», - ասել է Դանիել Մերոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստալինից մինչև Հիտլեր, Գազայից Սուդան. Սովը որպես զենք՝ ընդդեմ ժողովուրդներիՊաղեստինը հայտարարել է, որ Իսրայելը դիտմամբ է թիրախավորում խաղաղ բնակչությանը և նպատակ ունի Գազան զանգվածային գերեզմանի վերածել, ապա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել՝ անկլավում ամիսներ շարունակ սովի ու պատերազմի մեջ ապրող հազարավոր մարդկանց պաշտպանելու։
Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ հայտարարել են՝ Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունն ու անմիջապես թույլ տա, որ մարդասիրական օգնությունը հասնի քաղաք։ Եվրոպական միության արտգործնախարար Կայա Կալլասը Euronews-ին ասել է, որ նախատեսում են կասեցնել Իսրայելի Ասոցացման համաձայնագրի՝ առևտրին վերաբերող դրույթները:
Գերմանիայի արտգործնախարարն իր հերթին ՄԱԿ-ի զեկույցը «չափազանց մտահոգիչ» է անվանել, իսկ Իսրայելի գործողությունը՝ սխալ:
«Գազա քաղաքի վրա իրականացված այս հարձակումը այս առումով բացարձակապես սխալ մոտեցում է։ Մենք մերժում ենք սա և Իսրայելի կառավարությանը հստակ հայտարարել ենք դրա մասին», - ասել է Յոհան Վադեֆուլը:
2023-ի հոկտեմբերին «Համաս»-ի հարձակումից հետո Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով Գազայում ավելի քան 64 հազար մարդ է սպանվել, վիրավորվել՝ ավելի քան 163 հազարը: 361 մարդ, այդ թվում՝ 130 երեխա, մահացել է սովի և թերսնման պատճառով։
Իսրայելը փորձում է Գազան դարձնել անմարդաբնակ. ՄԱԿ-ի փորձագետ
ՄԱԿ-ի պաղեստինցիների իրավունքների հարցերով առաջատար փորձագետ Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ վերջին ռազմական գործողությունները Իսրայելը փորձում է Գազան դարձնել անմարդաբնակ։ Նրա խոսքով՝ իսրայելական բանակը ոչ կանոնավոր զինատեսակներով ռմբակոծում և ոչնչացնում է ամբողջական թաղամասեր՝ բռնի տարհանելով ապաստան փնտրող 800 հազար պաղեստինցիներին։
«Հարցն այն է՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ: Որովհետև սա Գազայի վերջին հատվածն է, որը պետք է անմարդաբնակ դարձնել նախքան այդ հողակտորի էթնիկ զտումները շարունակելը։ Եվ այդ դեպքում, հավանաբար, նրանք կտեղափոխվեն Արևմտյան ափ», - ասել է փորձագետը։
Իսրայելի գործողությունը տեղի է ունենում հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնած գագաթնաժողովից առաջ, որի նպատակն է առաջ մղել Պաղեստինի ճանաչման հարցը:
Ակնկալվում է նաև, որ օրեր անց մեկնարկող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Անվտանգության խորհդի մշտական անդամներից երկուսը՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, կհայտարարեն Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին: Իսրայելը զգուշացրել է՝ դա «կոպիտ սխալ» կլինի, որը կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը և կդժվարացնի խաղաղության հաստատումը։